Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն իր վրա է բեւեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Հեղինակավոր պարբերականները չեն դադարում այդ մասին գրել, քննարկել ու վերլուծել: Իսկապես Թուրքիան կարեւոր երկիր է իր աշխարհաքաղաքական պոտենցիալով, որը վերջին տարիներին գնալով ավելի ուժեղ ներքին իշխանական ամրապնդում էր ստանում Էրդողանի օրոք:
Այդ մարդը Թուրքիան պառլամենտականից դարձրեց նախագահական, ինքը դարձավ նախագահ եւ էլ ավելի ամրացրեց սեփական իշխանությունը: Նա կարողացավ հաջողությամբ դուրս մղել Թուրքիայի պետական կառավարման ոլորտում երկար տարիներ արմատակալած զինվորականներին, որը հայտնի է «խորքային պետություն» անվամբ, եւ չեզոքացրեց գյուլենականներին, որոնք դրսից փորձում էին ազդեցություն ունենալ թուրքական ներքաղաքական կյանքի վրա: Այսինքն՝ ապահովագրելով իրեն դրսից ու ներսից՝ նա էլ ավելի ուժեղացրեց իր համակարգը, սկսեց իրեն զգալ միանձնյա լիդերի կարգավիճակում, որն էլ ազդեցություն ունեցավ արտաքին քաղաքական հարաբերությունների վրա: Այդ հարաբերություններում էլ Էրդողանն իրեն վստահ զգալով՝ փորձում էր ժամանակ առ ժամանակ սեփական քաղաքականությունն իրականացնել՝ մե՛րթ ԱՄՆ-ի, մե՛րթ ԵՄ-ի, մե՛րթ Ռուսաստանի վրա հենվելով:
Էրդողանի այդ գործողություններն էլ ավելի ուժեղացրին նրան արտաքին ճակատում, սակայն այդ ուժեղությունը ոչ թե նրա միջազգային հեղինակության կամ Թուրքիայի հզորացման հաշվին էր, այլ ներքին հարաբերություններում նրա իշխանության մեծացման, որն էլ իր դրսեւորումն էր ստանում Էրդողանի քաղաքական վարքի տեսքով, այսինքն՝ սա ոչ թե իրական ազդեցություն էր, այլ ինքնավստահություն: Ու այդ ինքնավստահությունն էլ երբեմն Թուրքիայի վրա թանկ էր նստում, քանի որ Էրդողանի պատճառով մեկ անգամ չէ, որ այդ երկիրը հայտնվել է հզորների հարվածների ներքո: Էրդողանն իր ներքին ապահովությամբ ստացած իշխանությամբ երբեմն ինքնավստահության չարաշահումներ էր թույլ տալիս ու ռադիկալ որոշումներ կայացնում, որի համար էլ ստանում համապատասխան հակահարված: Վերջին ամենաթարմ օրինակը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն էր: Էլ չենք խոսում ռուսական ինքնաթիռի խոցման մասին, որը մեծ դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ ու լուրջ ճգնաժամի մեջ դրեց ռուս-թուրքական հարաբերությունները: Այս ամենը չէր կարող ներքին լուրջ դժգոհություններ չագրեգացնել, քանի որ երկրում Թուրքիայի նախագահը բոլորին զրկել էր իշխանական ռեսուրսներին նվազագույնս մոտենալու հնարավորությունից ու գնալով էլ ավելի էր ամրապնդվում՝ զգալով իրեն շատ ուժեղ ու անփոխարինելի, ում ոչինչ չի սպառնում: Ու եկավ այն պահը, երբ ռազմականները որոշեցին նրան հեռացնել իշխանությունից, ինչը, սակայն, չհաջողվեց: Հիմա Թուրքիայում մի շարք գործընթացներ տեղի կունենան, որոնք անմիջականորեն կրելու են այս փորձի հետեւանքները: Այս առումով առանձնացնենք երկու հակադիր սցենար.
1. նախ՝ նման դեպքերում ռեպրեսիվ իշխանությունները, որպես կանոն, սկսում են ավելի փակվել, մեկուսանալ, զգուշանալ, որն էլ ավելի է խորացնում ռեպրեսիաների հավանականությունը: Ինչու, որովհետեւ սկսելու են հեղափոխականների «որս», կասկածելու ու հետապնդելու են շատ մարդկանց, իշխանությանը վտանգ են տեսնելու ցանկացած գործողության կամ կասկածելի մարդու մեջ: Երկրորդ՝ ռեւանշիզմի արթնացում: Իրեն ուժեղ զգացող իշխանության վարքը միշտ հակվում է այլ իշխանության ու ուժերի մրցակցության բացառման, այն անհանդուրժող է դառնում իրեն ընդդիմացող ցանկացած ուժի նկատմամբ եւ հաշվեհարդար տեսնում ժողովրդից, երբ իր հանդեպ հեղաշրջման փորձեր են լինում՝ դրա մեջ տեսնելով ժողովրդական ընդվզման տարրեր:
2. Թեեւ ռեպրեսիվ իշխանության վարքը ռեպրեսիվ է, սակայն պետք է նշել, որ նման դեպքերում իշխանությունը երբեմն սկսում է ընկրկել: Հեղաշրջման փորձը կարող է ահազանգ լինել եւ իշխանությանը ստիպել լիբերալիզացվելու, եթե դրան հետեւում են մի շարք գործընթացներ, մասնավորապես, երբ հանրությունը սկսում է ինքնակազմակերպվել եւ առաջ քաշել պահանջներ: Դա հատկապես սկսում է դրական արդյունքներ տալ եւ ճնշել իշխանության ուժային գործելաոճը, երբ քաղաքացիների մոտ ձեւավորվում են ասոցիատիվ երեւույթներ, այսինքն՝ մարդիկ միավորվում են գաղափարներով, ստեղծում կազմակերպա-կառուցվածքային հիմքով շարժումներ:
Քանի որ Էրդողանը արդեն շատ հեռու էր գնացել, եւ քաղաքական դաշտը ամայացնելու փորձեր արել, ինչը հանրության մոտ առաջացրել էր շահերի հզոր ագրեգացիա, որն ամեն պահի կարող է պայթել, ապա նրա կողմից ռեպրեսիաների սրացման քայլերը կարող են կործանարար լինել: Իհարկե, նա սկզբում կփորձի ճնշել բոլորին, որպեսզի ցույց տա, թե ինքն ուժեղ է, սակայն, երբ հաջորդի երկրորդ ալիքը՝ հանրային ուժեղ ճնշումը, նրա համար դժվար կլինի գնալ դիկտատուրայի խստացման: Որպես կանոն, այս պարագայում իշխանությունը «բացվում» է ու գնում դիկտատուրայի թուլացման:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ՏԱՎՈՒՇՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍՊԱՍՈՒՄ Է
Տավուշի մարզի բնակիչներն անհանգստությամբ են հետեւում Երեւանում կատարվող դեպքերին: Սահմանագոտու բնակիչները լավ են գիտակցում, թե երկրի պաշտպանունակության վրա ինչպիսի վատ ազդեցություն կունենան Երեւանում հնարավոր քաղաքացիական բախումները: «Ժողովրդի» հետ զրույցում Նոյեմբերյան քաղաքի բնակիչները խնդրում էին իրենց անունը չհիշատակել, քանզի մտահոգված են, որ իրենց կարծիքն արտահայտելու պատճառով կարող են խնդիրներ ունենալ: Մարդկանց մեծամասնությունը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում իշխանությանը, որը տարիներ շարունակ չի լսում հասարակության ձայնը, կեղծում է համապետական ընտրությունները, ամեն տեսակի ճնշում է գործադրում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Տավուշցիներն անհանգիստ սպասում են Երեւանում լարված իրավիճակի հանգուցալուծմանը: Սահմանամերձ մարզի բնակիչները հույս ունեն, որ կհաջողվի խուսափել մեծ արյունահեղությունից:
ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԹԱԼԱՆԵԼ Է
Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13-ի սահմաններում, տեղեկանալով, որ Վարդան Մեջլումյանը ընտանիքի անդամների հետ մասնակցում է իր եղբոր հարսանյաց արարողությանը, վերջինիս տան դուռը հրելով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Վարդան Մեջլումյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 հասցեում գտնվող տուն, հափշտակել 1 միլիոն 20 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր: Բացի այդ՝ Մ. Հովհաննիսյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015 թվականի հունիսի 7-ին մուտք է գործել Վաչե Մեջլումյանին պատկանող Դիլիջանի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի նույն՝ 16 տան առաջին հարկում գտնվող, պահեստարան հանդիսացող ավտոտնակ եւ հափշտակել ընդհանուր 10 հազար դրամ արժողությամբ տարբեր տեսակի տնտեսական եւ մթերային ապրանքներ: Քրեական գործով տուժողներ ճանաչված Վարդան եւ Վաչե Մեջլումյանները հարազատ եղբայրներ են: Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2 դրվագով՝ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նաեւ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ
Տավուշի մարզի տարածքում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին քաղաքաշինական նորմերի խախտումներով շինություններ են կառուցվել: Քաղաքաշինական օրենսդրության պահանջն է, որ բնակավայրերից դուրս գտնվող տարածքում՝ միջպետական ավտոճանապարհին հարակից գոտում, շինությունները պետք է կառուցվեն ավտոճանապարհից առնվազն 15 մետր հեռավորությամբ, իսկ բնակավայրերում՝ գոյություն ունեցող շինություններին համահունչ, զուգահեռ:
Տավուշի մարզում քաղաքաշինական այդ պահանջները չեն պահպանվում: Իջեւան քաղաքի կենտրոնում առեւտրական շենք-շինությունները պատշգամբի նման կախված են միջպետական ավտոճանապարհի վրա: Մարզի բնակավայրերում խանութները, սննդի կետերը, այլ օբյեկտները կառուցվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի անմիջապես եզրին: Հարցը բազմիցս քննարկվել է Տավուշի մարզխորհրդի նիստերում, սակայն անօգուտ: Հուլիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը կրկին անդրադարձավ բազմաչարչար խնդրին: Նա ասաց, որ մարզի քաղաքաշինության ոլորտում խախտումները կատարվում են համայնքների ղեկավարների կողմից, նրանք թույլ են տալիս շինարարության ժամկետների խախտումներ, քաղաքաշինության վերաբերյալ օրենսդրության դրույթների անտեսումներ: Ն. Մելքումյանը նշեց, որ առաջընթաց կա համայնքներում կատարվող շինարարությունների թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվությունը մարզպետարան հաղորդելու հարցում, սակայն շինարարությունների ավարտական ակտերի մասին տեղեկատվություն չեն հայտնում: Մ. Մելքումյանի խոսքերով՝ ցանկալի կլինի, որ մարզի համայնքապետարանները իրենց մասնագետներին գործուղեն Հայաստանի քաղաքներ՝ քաղաքաշինական ոլորտի փորձը ուսանելու: Նա ասաց. «Շատերը հարց են տալիս՝ բա ես ի՞նչ համայնքապետ եմ, եթե իմ տարածքում շինարարարության թույլտվություն ես չպիտի տամ: Հանրապետական նշանակության մայրուղին ներկայացնում է Հայաստանը: Քաղաքաշինության նախարարությունը եւ մարզպետարանը լիազորված են իրենց համաձայնությունը տալու տվալ տարածքում կառույց ներկայացնելու: Ինքնագործունեություն չի կարելի»: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին հիշեցրեց քաղաքաշինական ոլորտում իրենց լիազորությունների մասին՝ ասելով, որ մարզի տարբեր բնակավայրերում քաղաքաշինական բնագավառում խախտումների համար քրեական գործեր են հարուցվել, որոնք ներկայումս քննվում են քննչական մարմիններում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ