ՈՎ ԿԼԻՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Մինասյանի՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալուց հետո մամուլում գլխավոր մարզչի նորանոր թեկնածուների անուններ են քննարկվում։ Այդ ամենը մեզ հիշեցնում է 2009 թվականը, երբ, օրինակ, թեկնածուների թվում նշվում էր նաեւ ուրուգվահայ Սերխիո Մարգարյանի անունը, ով այն ժամանակ «Ֆուտբոլ-365»-ին մասնավորապես ասել էր. «Ես ստացել եմ մի հեռախոսազանգ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից, ով առաջարկեց միեւնույն ժամանակ գլխավորել ե՛ւ հավաքականը, ե՛ւ ակումբներից մեկը, ինչը իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Ակումբային աշխատանքը ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ աշխատել միայն հավաքականի հետ: Նշեցին նաեւ իմ աշատավարձի չափը»: Մարգարյանը շեշտել էր,  որ առաջարկությունից հրաժարվել է ոչ թե աշխատավարձի չափի, այլ այն պատճառով, որ ստիպված էր լինելու համատեղել երկու աշխատանք: Հիշեցնենք, որ Սերխիո Մարգարյանն այս պահին Պերուի հավաքականի գլխավոր մարզիչն է։
Իսկ ահա ֆրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, խոսելով ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին, մասնավորապես ասել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանից իր հետ կապվում էին, սակայն երկար խոսակցություն երբեք չի եղել։ Մ. Տեր-Զաքարյանը նաեւ հավելել է. «Այս պահին ինձ չի հետաքրքրում այդ տարբերակը, քանի որ ամեն օր ցանկանում եմ ակտիվ աշխատել, իսկ դա հնարավոր է միայն ակումբում։ Հնարավոր է, որ ապագայում գլխավորեմ Հայաստանի հավաքականը»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս