ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերներիցս մեկը կնքված չէ եւ մտադրություն էլ չունի կնքվելու: Բայց պետք է նշեմ, որ պարտաճանաչ կերպով պաս է պահում, հաղորդություն ստանում, հաճախ այցելում է եկեղեցի, պատարագների է մասնակցում եւ այլն: Եվ ինձ միշտ մի հարց է հետաքրքրում. թույլատրվո՞ւմ է արդյոք չկնքված անձին հետեւել եկեղեցական նմանատիպ արարողություններին:

Հասմիկ Հարությունյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հասմիկ Հարությունյանի հարցին ի պատասխան հայտնում ենք, որ մկրտությունը մարդու առջեւ ոչ թե արգելքներ է դնում, այլ հնարավորություն եւ կարողություն է տալիս Աստծու արքայություն մտնելու: «Եթե մեկը չծնվի ջրից եւ Հոգուց, չի կարող Աստծու արքայությունը մտնել». ասում է Տեր Հիսուս Քրիստոսը: Սա նշանակում է, որ Դուք պետք է անհրաժեշտ համարեք մկրտությունը Ձեր անձի փրկության համար: Մեր Եկեղեցու կանոնների համաձայն Սուրբ Հաղորդության խորհուրդը ճաշակել կարող է նա, ով մկրտված է: Դուք կարող եք պահք պահել, եկեղեցի գնալ, սակայն հաղորդվել չեք կարող, քանզի մկրտված չեք: Ուստի մկրտությունը մի հետաձգեք:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, խորհրդային տարիներին տարածված աթեիզմի արդյունքում մեր շատ հայրենակիցներ հեռացան եկեղեցական արժեքներից եւ քրիստոնեական ավանդույթներից: Սակայն ուրախալի է, որ վերջին տարիներին, այդուհանդերձ, մեր քաղաքացիների մեծ մասը վերադառնում է դեպի Առաքելական եկեղեցի: Միեւնույն ժամանակ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ սահմանադրորեն ամրագրված են մարդու կրոնի, խղճի եւ մտքի ազատությունները:




Լրահոս