Հոկտեմբերի 24-ին դերասան Սոս Ջանիբեկյանի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նրա համար շտապօգնություն էին կանչել: Ֆեյսբուքյան իր էջում Ջանիբեկյանի մայրը` Աննա Աղասարյանը, պատմել էր, թե ինչպես են վարվել իրենց հետ շտապօգնության բժիշկը եւ բուժքույրը` տրամադրելով կեղտոտ սպիտակեղեն, ոչ որակյալ բուժօգնություն, ցուցաբերելով անտարբերություն:
«Ժողովուրդ»-ը «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից փորձեց պարզել, թե ինչ պատժամիջոցներ են կիրառել այդ բուժաշխատողների նկատմամբ: «Բժիշկը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ նշումները, որոնք վկայում են, թե Սոս Ջանիբեկյանին ինչ նախնական բուժօգնություն է տրամադրվել: Ես Սոսի մոր հետ հանդիպել եմ ու բացատրել ամեն բան. շտապօգնության միջոցով որեւէ հիվանդանոց տեղափոխված հիվանդի պարագայում հարցեր առաջանալու դեպքում կարող են զանգել ու համապատասխան ճշտումներ անել, թեեւ այս դեպքում ամեն ինչ նորմալ է եղել: Նախ՝ բուժքույրը չի ասել, թե «մենք ինչ իմանայինք, որ Սոս Ջանիբեկյանն է», իսկ վերմակի վրա փսխանքի հետքեր չեն եղել, դա լվացված վերմակ է եղել, որի վրա, հնարավոր է, լաքաներ մնացած լինեին, բայց պետք է հասկանալ, որ մենք այն ֆինանսական միջոցները չունենք, որ միանգամյա օգտագործման համար ծառայեցնենք այդ վերմակները»,-նշեց տնօրենը` հավելելով, որ հարգում է Սոսի մայրիկին, բայց նրա ներկայացրած իրականությունը թյուր է:
Թ. Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապօգնության ենթակայանի վարիչին ու ավագ բուժքրոջը նկատողություններ են տրվել, որպեսզի առավել աչալուրջ աշխատեն:
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ