ՀԱՐՑ. Ես ուզում եմ սպառողական վարկ վերցնել, բայց ինձ բանկում տեղեկացնում են, որ ունեմ վարկային վատ պատմություն, հետեւաբար բանկն ինձ չի կարող վարկ տրամադրել: Ի՞նչ է նշանակում վարկային պատմություն ասվածը, եւ անհրաժեշտության դեպքում ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի բարելավեմ իմ վարկային պատմությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պատմությունը վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի «ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ» («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ. 11): Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաեւ արտադրող եւ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով (ապառիկ) ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Նախ` անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային (դրամական) պարտավորությունները: Բացի այդ` ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե անձն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ժամանակին մարել իր վարկը, ապա նա ինքնաբերաբար ընկնում է «սեւ ցուցակ» եւ ձեռք բերում վարկային վատ պատմություն, որը վերականգնելու համար երկար ժամանակ, կայուն նյարդեր ու միջոցներ են պետք: