ՆԵՐՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԶԵՆՔԸ ԵՎ ԱՐՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ:

-Տիկի՛ն Գալստյան, մեկ շաբաթից ավել է՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» զինված խմբի հսկողության տակ: Սրան զուգահեռ քաղաքացիների շրջանում շարունակվում են բողոքի ակցիաներ կազմակերպվել: Դուք այս իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում:
-Հանրապետությունն ավելի քան մեկ շաբաթ ծանր օրեր է ապրում, ներքաղաքական ճգնաժամ՝ այն էլ արտաքին մարտահրավերներով խիստ այս ժամանակահատվածում: Մի բան հստակ է, անընդունելի եւ անթույլատրելի՝ Արցախում հակառակորդին ուղղված զենքը չպիտի փոխեր իր ուղղությունը: Հիմա պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, բանակցային խաղաղ հանգուցալուծումից հետո անհետաձգելիորեն անհրաժեշտ է խորը վերլուծություն կատարել՝ հասկանալու համար՝ որոնք էին այն պատճառները, որոնք կարող էին այսպիսի իրավիճակի հանգեցնել, այն էլ շարունակվող պատերազմին եւ հատկապես Արցախի շուրջ սեղմվող բանակցային պրոցեսներին զուգահեռ: Աշխարհաքաղաքական այս քաոսային միջավայրում մի՞թե մեր ազգային անվտանգության ու պետության ինքնիշխանության շահերից է բխում այս գործողությունը: Ներքին տագնապի եւ անվտանգութւյան այս օջախը, զինված բախումը բացարձակապես անընդունելի եմ համարում:
-Ձեր կուսակցության անունը փաստում է, որ հեղափոխության կողմնակից եք: Ինչո՞ւ այժմ դեմ եք իշխանափոխության գնացող .Սասնա ծռերի» քայլերին:
-Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում եւ հատկապես հասարակության մեջ հաստատ է տեսակետը, եւ համոզումը, որ երկրում խորը, արմատական համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց այդ փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով: Միանշանակ է, եւ կարծում եմ՝ պետք է լինել կարճատես, ոչ հայ՝ սա չհասկանալու համար: Երբ լսում եմ զինյալ խմբի հայտարարություններն ու պնդումները, թե իրենց պայքարը ինքնիշխանության համար պայքար է, եւ միաժամանակ խոսում են ջարդելուց, փշրելուց, չեմ կարող չբարձրաձայնել, որ սրանք պետականության ու ինքնիշխանության հետ անհամատեղելի արժեքներ են: Արդյոք այս ներքին անկայունությամբ խոցելի չենք դարձնում մեր սահմանն ու բանակցային գործընթացը:
Սա չի նշանակում, որ ես կամ այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, չենք գիտակցում Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը: Բայց ներքին օգտագործման զենքը եւ արյունը անհամատեղելի են, կայուն ու ինքնիշխան պետության գաղափարի հետ: Այսպիսի վարքագծով նոր Հայաստան, նոր երկիր, նոր հեռանկար չեն կառուցում, այս վարքագիծը քաղաքական չէ, ցավալիորեն անլուրջ: Այո՛, Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն կա, բայց այդ հեղափոխությունը արժեքային համակարգի եւ մտքի հեղափոխություն է: Դժվար չէ հասկանալ, որ այսպիսի գործողությունները կանխում են առանց այն էլ ծանր քայլերով ընթացող մեր պետականության ընթացքն ու հուսահատության հերթական չափաբաժնով թունավորում ժողովրդին:
-Ի վերջո, ե՞րբ կհանգուցալուծվի իրավիճակը:
-Բանակցային ռեսուրսներն իմ կարծիքով դեռ սպառված չեն: Մխիթարական է, որ բանակցության երկու կողմում էլ արյուն չհեղելու հայտարարություններ են հնչում: Ուզում եմ հավատալ, որ կհաղթի ողջախոհությունը:
-Սերժ Սարգսյանը կոչ արեց «Սասնա ծռերին» զենքերը վայր դնել՝ նշելով նաեւ, որ այս ամենից պետք է դասեր քաղել: Դուք ի՞նչ դասեր եք քաղել:
-Այո՛, դասեր պիտի քաղել միանշանակ: Խոսքերը քիչ են, քայլեր են հարկավոր եւ գործողություններ… Մեզ անկեղծություն է հարկավոր: Մինչեւ անկեղծ ախտորոշում չանենք, թե որոնք են Հայաստանում խորացող սոցիալական անարդարության, աղքատության արտագաղթի, տնտեսական անհավասարության, ոտնահարված մարդու իրավունքների պատճառները, չենք կարող դասեր քաղել: Մենք 25 տարի, որքան էլ փխրուն, այնուամենայնիվ, կառուցել ենք պետականություն, երկիր, որտեղ օրենքները պետք է աշխատեն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված պետք է լինեն: Որեւէ երկիր պաշտպանված չի ներքին խժդժություններից, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր փխրուն պետությունը եւ Արցախի չհանգուցալուծված խնդիրը մեզանից լրացուցիչ համբերություն, քաղաքացիական նվիրվածություն, լրացուցիչ զոհաբերություն է պահանջում: Իմաստուն փայփայանքով, գուրգուրանքով պիտի պահենք մեր ունեցածը, միասին լուծումներ գտնենք այն խնդիրներին, որ ունենք: Պետականությունը բարձր ու թանկ արժեք է, չի կարելի խաղալիքի պես վարվել: Սա բոլորին է վերաբերվում:
-Տիկի՛ն Գալստյան, ստեղծված իրավիճակում Ձեզ պատասխանատու զգո՞ւմ եք:
-Ամեն քաղաքացի իր մեջ պետք է ունենա այն հարցը` ես ի՞նչ եմ տալիս այս պետությանը: Մենք ավելի շատ սպառող հասարակություն ենք, քան տվող: Այո՛, ես չեմ կարող ինձ պատասխանատու չզգալ, իբրեւ քաղաքացի, իբրեւ կուսակցական մարդ, իբրեւ հրապարակային մարդ նաեւ մասնակից եմ չափանիշների սահմանմանը: Պիտի անկեղծ լինեմ. բավարարված չեմ, երբեմն վշտանալու չափ մի տեսակ գաղափարների անանցանելիություն է ստեղծվել երկրում: Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը չափանիշների ալյասերումն է, չափանիշներ ու արժեքների խեղումը: Հասարակությունից ամբոխ մեկ քայլ է: Խորենացի փողոցի դեպքերը մի հստակ ուղերձ ունեն՝ փոփոխության անհրաժեշտություն կա, բայց ինչպես կարողանալ այդ փոփոխության պահանջի էներգիային դրական, պրոդուկտիվ հունավորում տալ՝ հանուն Հայաստանի, իսկապես հանուն ինքնիշխանության, հանուն մեր հաղթանակները պահելուն:

 

 

 

 
«ՏՂԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ՝ ԱՅԼ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ»

«Սասնա ծռեր» զինված խմբին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով երեկ Խորենացի փողոց եկած քաղաքացիների թիվը ավելի մեծ էր, քան նախորդ օրերին: Բայց եւ այդ տարբերությունն այնքան մեծ չէր, որքան կարող էր լինել՝ հաշվի առնելով այն, որ Ալեք Ենիգոմշյանն ու Ալբերտ Բաղդասարյանը ժամը 20.00-ն նշել էին որպես վերջնաժամկետ՝ իրենց պահանջների կատարման համար՝ հակառակ դեպքում սպառնալով քաղաքացիական անհնազանդության պայքար սկսել:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հրավիրած ասուլիսում Ալբերտ Բաղդասարյանը, Ալեք Ենիգոմշյանը պահանջեցին, որ վերականգնվի ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի հետ կապը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, ինչպես նաեւ կարգավորվի նրանց սնունդ մատակարարելու հարցը: Արդեն երեկոյան հրավիրած հանրահավաքի ընթացքում Ենիգոմշյանի ունեցած ելույթից պարզ դարձավ, որ այդ պահանջներից որեւէ մեկը չի բավարարվել:
«Տղաների վճռականությունը եւ կորովը կոտրելու իշխանությունների զուր փորձերը փշրվում են տղաների ապառաժյա կամքի վրա, եւ այդպես շարունակվելու է, ոչ մի լուծում չկա, բացի տղաների առաջ քաշած պահանջների իրականացումը»: Անդրադառնալով խմբի անդամների եւ իշխանությունների միջեւ բանակցություններին՝ Ենիգոմշյանն ասաց. «Ամեն ինչ սառած վիճակում է: Թող շարունակեն մոգոնել նոր միջոցներ, ոչ մեկը արդյունք չի տվել եւ չի տալու»:
Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
«Փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, հազար տարի առաջ մտել էր եւ հիմա դուրս է եկել: Իրականությունից բացարձակ կտրված իշխանության հետ գործ ունենք, իրենց ակվարիումների մեջ են ապրում»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ ժամանակին զգուշացրել է՝ այսպես շարունակվել չի կարող, կլինեն մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանա, եւ, ահա, եղան այդ մարդիկ:
Երեկ հարթակից ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը հանրահավաքի ավարտից հետո հայտարարեց.«Քանի որ իշխանությունները մեր պահանջը չլսեցին, մենք մեր հզոր ոգին հիմա պետք է ցույց տանք: Հիմա երթ ենք իրականացնելու՝ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն եւ խնդրում ու պահանջում ենք ապահովել անվտանգությունը»:
Հ. Գ. 1. Երթի ավարտից հետո վերը նշված պահանջների կատարման համար սահմանվեց նոր վերջնաժամկետ՝ մինչեւ այսօր առավոտյան ժամը 9-ը:
Հ. Գ. 2. «Սասնա ծռեր»-ի անդամները երեկ այրեցին 4-րդ մեքենան՝ ի նշան բողոքի:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԱՆԼԻՑԵՆԶԻԱ ԳՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է ինտերնետային կապ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել այս գնման գործընթացին: Բանն այն է, որ ՀՀ ՏԿԶՆ-ն իր կարիքների համար հայտարարված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հրավերով նախատեսված ծառայությունների մատուցման համար լիցենզիա չի պահանջել: Մինչդեռ կնքվելիք պայմանագրի կատարումը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն:

 

 

ՊԱՐՏՔՈՎ ՊԱՐՏՔ ԵՆ ՄԱՐՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարությունն արտաքին աղբյուրներից 87 միլիոն 900 հազար դոլարի նոր վարկ է վերցրել, որից 21 միլիոն 800 հազար դոլարը միայն հունիսին է վերցվել: Այս տարվա առաջին կիսամյակում արտաքին պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվել է 23 միլիոն 500 հազար դոլար տոկոսավճարների մարման համար, իսկ 34 միլիոն 600 հազար դոլար էլ վճարվել է մայր գումարների մարման համար: Այսինքն՝ արտաքին պարտքի սպասարկման համար պետական բյուջեից այս տարի արդեն իսկ ծախսվել է 58 միլիոն 100 հազար դոլար: Փաստացի ՀՀ կառավարությունը հայտնվել է նույն այն վիճակում, որում Հայաստանի բնակչության մեծ մասն է: Ստիպված է նոր պարտքեր վերցնել՝ հները մարելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլար:

 

 

ՈՐ ԻՆՉ ԵՔ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մի ուշագրավ որոշում է ստորագրել: Նա որոշել է պարգեւատրել հանրապետության գործադիր եւ տարածքային մարմինների աշխատակազմի ղեկավարներին: Որոշման մեջ մասնավորապես նշված է «Հիմք ընդունելով… հանրապետական գործադիր եւ տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների՝ 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները` Հանրապետական գործադիր եւ տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պարգեւատրել 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում հոդվածով»: Թերեւս միայն Հայաստանում կարող է նման բան տեղի ունենալ, որ երկիրը հաստատուն հետընթաց ապրի, բայց վարչապետը որոշի պաշտոնյաներին «լավ» աշխատանքի համար պարգեւատրել:




Լրահոս