ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԻ ՍՏՈՐԱԴԱՍՎՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները շարունակում են մնալ միջազգային հարաբերությունների թերեւս ամենակարեւոր իրադարձություններից մեկը` գրավելով արտասահմանյան լրատվամիջոցների ամբողջ ուշադրությունը: Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Հանրապետական» կուսակցության մեծ համաժողովը, որի ընթացքում կուսակցությունը գործարար Դոնալդ Թրամփին հաստատեց որպես միասնական թեկնածու: Դրանով կարծես թե ավարտվեց ներհանրապետական պայքարը` լարվածությունը փոխանցելով «Դեմոկրատական» կուսակցությանը: Այս շրջափուլում, սակայն, պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում պետությանը վերաբերող հարցերում քաղաքական ընտրախավը վճռականորեն մերժում է իրավիճակային լուծումները: Մի հատկանիշ, որը Միացյալ Նահանգները դարձնում է բացառիկ եւ ապահովում պետության հաջողությունը, ինչի բացակայությունից, մինչդեռ, տուժում են Հայաստանի պես երկրները:

«Վիկիլիքսի» կողմից օրերս հրապարակվեց «Դեմոկրատական ազգային հանձնաժողովի» (կուսակցության միասնական թեկնածուի ընտրությունն ապահովող միակ լեգիտիմ մարմնի) գաղտնի նամակարգությունը: Պարզվեց, որ հանձնաժողովի նախագահությունը ջանք չի խնայել սեւացնելու Հիլարի Քլինթոնի՝ արդեն նախկին հակառակորդ Բեռնի Սանդերսին` փորձելով վերջինիս նախընտրական քարոզարշավը ներկայացնել իբրեւ անմրցունակ ու անհեռանկարային: Կուսակցության ներսում միասնական թեկնածուի մրցապայքարում նմանօրինակ քայլերով հավասար պայմաններ չապահովելը բացասաբար է անդրադառնում դեմոկրատների հեղինակության վրա: Լրատվական դաշտը գրոհների տարափ է սկսել Քլինթոնի նկատմամբ` շեշտելով, որ այսպիսի բացահայտումներից հետո Սանդերսը գուցե թե հրաժարվի հրապարակավ նախկին պետքարտուղարին սատարելուց: Թեեւ նախընտրական հարցումներով Քլինթոնը առնվազն 5 տոկոսով առաջ է հանրապետական մրցակցից, սակայն սպասվելիք եռամսյա պայքարը լուրջ տեղաշարժեր կարող է առաջացնել` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Թրամփը հանրապետական մրցակիցների դեմ պայքարում այնքան սկանդալների մեջ հայտնվեց, որ հասարակության վերաբերմունքը նրա շոկային պահվածքի նկատմամբ, այսպես ասած, իմունիտետ է ձեռք բերել, մինչդեռ Քլինթոնի անվան հետ կապված ցանկացած չնչին բան կարող է խաթարել նրա վարկանիշը: Ակնհայտ է, որ առաջիկա ամիսները Քլինթոնի համար ավելի բարդ են լինելու, ինչպես նրան հրապարակավ զգուշացրեց նոր պահպանողականության ժամանակակից տեսաբաններից Ուիլիամ Քրիսթոլը, որի պայքարը Թրամփի դեմ «Հանրապետական» կուսակցության ներսում կատարելապես ձախողվեց: Որքան էլ այսօր Քլինթոնի նախագահությունն ավելի հավանական է թվում, Թրամփին թերագնահատել չի կարելի ոչ մի պարագայում: Ի վերջո, գործարարը շարքից հանեց ահեղագույն մրցակիցներ Ջեբ Բուշին, Ջոն Քյեսիքին, Մարկո Ռուբիոյին, Թեդ Քրուզին, իսկ Հիլարի Քլինթոնը բոլոր թվարկվածներից շատ ավելի բացասական համբավ ունի:
ԱՄՆ նախագահի «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածուի համար մեկ տարուց ավել տեւած պայքարը, ի վերջո, հանգուցալուծվեց ամենաանհավանական եղանակով: Երբ մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր մասնակցության մասին նախագահական մրցավազքին, որեւէ հեղինակավոր վերլուծական կենտրոն կամ էլ անհատ քաղաքագետ նրան լուրջ չէր վերաբերվում: Նույնիսկ հարցումներով առաջատար դառնալը չէր համոզում քաղաքագետներին, որ Թրամփը հաջողելու է դառնալ հանրապետականների միասնական թեկնածուն: Այդուամենայնիվ, օրերս Քլիվլենդում կայացած հանրապետական մեծ համաժողովը հարկադրված եղավ Թրամփին հաստատել որպես միասնական թեկնածու` ի հեճուկս այդ հեռանկարը կանխելուն միտված բոլորատեսակ մտահղացումների ու գործողությունների: Հանրապետական «բոսերի» նկրտումները տապալվեցին, եւ պարզ դարձավ, որ համաժողովի ու թեկնածուի ընտրության կանոնակարգերը վերջին վայրկյանին փոխել չի կարելի: Կարելի է վստահաբար պնդել, որ ամերիկյան քաղաքականության կուլիսային դերակատարները պետության հիմնադրույթների եւ քաղաքական համակարգի արմատացած կանոնները վերանայելու իրական ձգտում չցուցաբեցին` նախընտրելով մարտավարական նահանջը պետությանը հասցվելիք վնասից: Այսպիսով ապացուցվեց, որ ԱՄՆ-ում պետական ու քաղաքական ավանդույթները վեր են ցանկացած տեսակի անձնական հավակնություններից: Որքան էլ Դոնալդ Թրամփը անընդունելի էր հանրապետական վերնախավի համար, էլ ավելի անթույլատրելի համարվեց խաղի կանոնների փոփոխությունը: Արդար խաղի տրամաբանությամբ Թրամփը կարողացավ հաղթել` ի հեճուկս իր հակառակորդների ֆինանսական ու քաղաքական հսկայական ռեսուրսների, ուստի եւ լիուլի արժանի էր միասնական թեկնածուի դափնեպսակին:
Թրամփի թեկնածությունը ապօրինի մեթոդներով կասեցնելու ճանապարհը մերժելով` ԱՄՆ-ի քաղաքական էլիտան ապացուցեց, որ Միացյալ Նահանգները բացառիկ երկիր է, որտեղ իրավիճակային հետաքրքրությունները ստորադասված են պետական շահերին: Ահա, հաջող պետության իրական բանաձեւը, այլ ոչ թե հայաստանյան էլիտայի պես, որը ամեն քայլափոխի մտածում է բացառապես սեփական դիրքերն անսասան պահելու մասին: Հայաստանի վզին փաթաթված սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը մեծագույն հարված հասցրեց պետական կառավարման համակարգի ավանդույթների ամրապնդմանը` նախընտրելով նման թանկ գնով պահել իր ձեռքը իշխանության զարկերակի վրա: Եթե նույնիսկ այս օրերի խառնաշփոթը հաղթահարվի հօգուտ Սերժ Սարգսյանի, եւ նա 2017թ. հաջողությամբ ստանձնի վարչապետությունը, պետական կառավարմանը հասցվող այս ծանր հարվածը ինչ-որ իմաստով այլեւս անդառնալի է լինելու: Այսպիսով՝ մինչ պետության հիմքերի հետ խաղալու շքեղություն իրեն թույլ չի տալիս նույնիսկ աշխարհի առաջին պետությունը, մեզանում ամեն եկող իշխանություն զբաղվում է հենց դրանով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ԿԳՐԱՎԱԴՐՎԻ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում իր համաձայնությունը կտա «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին՝ գույքը գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում:

Որոտանի ՀԷԿ-ի սեփականատերը՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, նախորդ տարվա հուլիսին ՀԷԿ-ը գրավադրել էր երեք տարբեր բանկերում՝ «HSBC բանկ Հայաստան», «Ամերիաբանկ» եւ «Կոնվերս բանկ», որպեսզի կարողանա վճարել առքուվաճառքի գնի 50 տոկոսն ամբողջությամբ: Հիշեցնենք, որ Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել էր 180 մլն դոլարով: Ըստ պայմանագրի՝ գնի կեսը՝ 90 մլն դոլարը, գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը՝ նախորդ տարվա հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը պետք է վճարի գործարքի ավարտման օրվանից մեկ տարի անց՝ այս տարվա հուլիսի 30-ին:
Այժմ, երբ հուլիսի 30-ը մոտենում է, շատերն են հետաքրքրված, թե «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ի գնի մյուս կեսն ինչպե՞ս է վճարելու: Դեռեւս գարնան վերջերից տնտեսական շրջանակներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ գումարը չկա, չի վճարվելու: Ավելին՝ նույնիսկ ՀՀ կառավարությունն իր հովանավորյալ պոտենցիալ գնորդների հետ ուղիներ է փնտրել՝ այդ 90 մլն դոլարի գումարը վճարելուց խուսափելու համար: Եւ, ըստ էության, գտնվել է ելքը՝ նորից վարկ վերցնելու հաշվին: Հիշեցնենք, որ երբ Որոտանի ՀԷԿ-ի գործարքը իրականացվեց, առաջին մուծումը՝ 90 մլն դոլարը, կատարվեց հենց ՀԷԿ-ի գույքը գրավադրվելու հաշվին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ այդ ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ի Դելեվրի նահանգում, որն էլ համարվում է օֆշորային գոտի: Ըստ նրա՝ այն նույնիսկ ֆինանսական միջոցներ չունի եւ դրանք դրսից հայթայթելու, բերելու փոխարեն գույք է գրավադրում. «Սեփականատերերի փոփոխության խիստ անհրաժեշտություն է եղել, եւ պետության փոխարեն հայտնվել է ինչ-որ մի անհայտ ընկերություն՝ իր անհայտ ե՛ւ անցյալով, ե՛ւ ներկայով»: Սակայն այս ամբողջ գործընթացն արվել է այնպես, որ հանրությունը չիմանա, թե ում անունով է այն սեփականաշնորհվել: Եւ հիմա դուրս է գալիս, որ այս ճանապարհով յուրաքանչյուր քաղաքացի էլ կարող էր Որոտանի ՀԷԿ-ը գնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԵԹԱՆՈՍ ՏԱՎՈՒՇ
Հուլիսի 24-ին Տավուշի մարզի բնակիչները տոնեցին Վարդավառը: Սահմանամերձ մարզում այդ տոնը նշեցին մեծ շուքով, գառներ մորթելով, անտառների աղբյուրներին կից տաղավարներում քեֆեր անելով: Սահմանամերձ մարզի բնակիչների մի մասը սոցիալապես անապահով լինելով՝ Վարդավառի համար մթերքները ձեռք էր բերել «նիսյա»՝ ապառիկ: Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին այս տարի Վարդավառը տոնեց հուլիսի 3-ին: Եկեղեցին Վարդավառը տոնում է որպես Քրիստոսի պայծառակերպության տոն: Սակայն տավուշցիները լավ են հիշում, որ Վարդավառը հեթանոսական տոն է: Այն կապված է ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Հնում Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Վարդավառի խորհուրդը եղել է նաեւ ջրի պաշտամունքը: Ջուր ցողելու սովորույթը այժմ պահպանվել է: Ի դեպ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ավանդաբար Վարդավառը տոնում են օգոստոս ամսվա առաջին կիրակի, այս տարի ոսկեպարցիները այն կտոնեն օգոստոսի 7-ին:

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
15-ամյա տղան կասկածվում էր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորի վրա Իջեւան քաղաքում 2 անգամ ավազակային հարձակում գործելու մեջ: Ըստ ամերիկացի կամավորի հայտարարության՝ ավազակային հարձակման առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, երկրորդը՝ հունիսի 15-ին: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը «Ժողովրդին» հայտնել է, որ առաջին դեպքից հետո կամավորը չի դիմել իրավապահներին: Նշենք, որ ամերիկյան կամավորը Իջեւանի կրթական հաստատություններից մեկում դասախոս է աշխատում: Կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ»): Իջեւանի 15-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հսկողության հանձնելը: Քրեական գործը քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում, որտեղից տեղեկացանք, որ հանցակազմի բացակայության պատճառով նշված քրեական գործը կարճվել է:

 

 

ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ՝ ՍՆԱՆԿ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Դատարանի որոշմամբ նշանակվել է կոմբինատի սնանկության գործով կառավարիչ: Վերջին տարիներին մատուցված ծառայությունների դիմաց տարբեր ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել խորհրդային տարիներին հարյուրավոր աշխատող ունեցող կոմբինատին: Հայաստանի շրջափակման պատճառով գործարանը դժվարություններ ուներ իր արտադրանքը՝ բենտոնիտի փոշին, Ռուսաստան արտահանելու հարցում, մեծացել էր ապրանքի ինքնարժեքը, ինչի պատճառով այն շուկայում ոչ մրցունակ էր դարձել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս