Երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ով առավել մեծ ճանաչում ստացավ իր հեղինակած երաժշտական պոեմի շնորհիվ, որի հիման վրա ստեղծվեց «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրաման, արդեն մի քանի տարի է` սովորում է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում եւ զբաղվում դիրիժորի կարիերայով: Կոմպոզիտորն այժմ Հայաստանում է եւ մեզ հետ զրույցում անդրադարձել է իր ձեռքբերումներին, հայ երաժշտությունը դրսում ներկայացնելու փորձերին եւ հայկական երաժշտական աշխարհում առկա բացերին:
-Ալեքսա՛նդր, Դուք հատկապես մեծ կարեւորություն եք տալիս, այսպես ասած, երաժշտության հոգեբանությանը: Հայ երաժշտության հոգեբանությունը որքանո՞վ է ընկալելի դրսի հանդիսատեսի համար:
-Մենք փորձում ենք Հայաստանը դրսում ցույց տալ ոչ միայն որպես կոնյակի ու ծիրանի, այլեւ մշակութային առումով շատ հարուստ երկիր: Եվ որքան արտերկրում հայկական ստեղծագործության պրեմիերա է եղել, այն շատ լավ է ընդունվել տեղի հանդիսատեսի կողմից: Վերջին երկու տարվա ընթացքում իմ ստեղծագործությունները հնչել են մի շարք երկրներում: Հիմա աշխատում եմ մեծ ծրագրերի վրա` 2016-17 թթ. համար: Ասեմ, որ հայ երաժիշտները հիմա նորովի են ընկալվում Եվրոպայում: Մենք ունենք շատ տաղանդավոր երաժիշտներ, չնայած որ ունենք նաեւ տաղանդավոր մարդիկ, որոնք փորձում են մաքսիմալ կերպով մեզ «մի կողմ դնել»: Բայց մեր եռանդն ու ուժը մեծ է:
-Ուզում եք ասել` Ձեզ խանգարել փորձողներն էլ են տաղանդավո՞ր:
-Իհարկե, դա նորմալ է: Առանց դրա չես ունենում ստիմուլ ասվածը: Մի բելգիացի երաժիշտ ինձ ասում էր. «Օտար երկրում եք ապրում, նախագծեր կազմում, աշխատում, բայց որքա՜ն երջանիկ եք: Այնինչ՝ մենք` բելգիացիներս, ունենք փող, այլ ռեսուրսներ, բայց երջանիկ չենք»: Երեւի թե երջանկության բանալիներից մեկը մեր մշակույթով ապրելն ու հարուստ լինելն է:
-Երբ «Ինքնասպանի գրառումներ»-ը տարիներ առաջ հանձնեցիք հայ հանդիսատեսի դատին, կարծես առաջին քայլն արեցիք` ցույց տալով, թե ինչ պոտենցիալով երիտասարդ արվեստագետներ ունենք:
-Դա առաջին քայլն էր, բայց ոչ վերջինը: Իսկ հիմա աշխատում եմ նոր բալետի վրա, որը մեծ, բարդ ու լայնածավալ ստեղծագործություն է լինելու, սակայն դա Հայաստանում ներկայացնելու ծրագիր չունեմ. թեման, մոտեցումը հայկական չեն:
-Իսկ հայ հանդիսատեսին այսօր ի՞նչն է պակասում, Ձեզ ի՞նչ է պետք, որ այդ բացը լրացնեք:
-Եթե միայն ասեմ, որ ստեղծագործողին ֆինանս է պետք, ճիշտ չի լինի. եռանդն ու էնտուզիազմն այսօր ավելի թանկ ռեսուրսներ են: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, միգուցե ես շատ ամբիցիոզ մոտեցում ունեմ, բայց կարծում եմ` երկրում առկա սոցիալական խնդիրները թույլ չեն տալիս մարդկանց մատուցվող գաղափարները մինչեւ վերջ անցկացնել սեփական պրիզմայով, խորապես ընկալել դրանք: Այսօր մարդկանցից շատերը արվեստը ընկալում են որպես ժամանակ անցկացնելու միջոց: Այնինչ՝ ես դրան դեմ եմ: Երաժշտությունը, գիրը հոգեբանություն է, որոնք մարդու ներքին խնդիրներին տալիս են լուծում: Ես միշտ դեմ եմ եղել սովետական գաղափարախոսությանը, բայց խորհրդային միության տարիները Հայաստանի համար լավ ժամանակներ էին. այդ հատվածում սոցիալական խնդիրները ավելի քիչ էին, քան հիմա: Այժմ ես անընդհատ փորձում եմ հասկանալ` ինչ անել, որ մարդիկ հոգեպես սնվեն իմ ներկայացրած երաժշտությունից:
-Բելգիայում փորձի փոխանակումից հետո նկատե՞լ եք մի սովորույթ, որը կցանկանաք Ձեզ հետ բերել Հայաստան:
-Ամեն տեղ էլ առկա խնդիրները նույնական են, բայց ինձ համար Բելգիայում շատ հետաքրքիր է մարդկանց մոտեցումը իրար, երաժշտությանը, արվեստին: Սա եւս մեծապես կախված է սոցիալական հարցերից: Հուսամ, որ այնտեղից կկարողանամ ինձ հետ բերել որակյալ երաժշտություն: Մենք դրսում լուրջ հայ երաժիշտներ ունենք, որոնց հարգում եւ սիրում են, բայց այդ պոտենցիալը հարկավոր է Հայաստան բերել:
-Իսկ մեր օպերայի եւ բալետի թատրոնը բա՞ց է նոր առաջարկների, թարմ մոտեցումների առաջ:
-Այո, պարզապես հարկավոր են կրեատիվ գաղափարներ, նոր խոսք, մոտեցում, միգուցե նաեւ՝ նոր մարդիկ: Կարծում եմ` ժամանակի հետ ամեն բան կփոխվի եւ ժամանակի պահանջներին համապատասխան առաջ կգնա: Պետք է մտածել այն մասին, թե ուր ենք գնում: Ես ավելի վաղ մարդկանց շրջանում (նկատի ունի թատրոնի աշխատակիցների-հեղ.) նկատել եմ կոնսերվատիզմ:
-Կարծրացած մտածելակերպի մասի՞ն է խոսքը:
-Այո՛, այո՛, հենց դրա, հին, մոռացված մեթոդների մասին: Եթե Հայաստանի երաժշտական աշխարհում գտնվեն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են անելու, ինչպես են անելու, ուրեմն մենք ապահով ձեռքերում կլինենք:
-Դուք ո՞ր դեպքում կգաք Հայաստան մշտական բնակության եւ աշխատելու նպատակով:
-Մշտական պլաններ դեռ չունեմ, աշխատում եմ Հայաստանը դրսում ներկայացնելու ուղղությամբ: Եթե ստանամ ինչ-որ նախագծում ընդգրկվելու առաջարկ, նախապատվությունը կտամ Հայաստանին: Հիմա կարող եմ ասել, որ հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն ունի առաջիկայում ներկա գտնվելու բենդերից մեկի հետ ներկայացնելիք մեր համերգին: Այն տեղի կունենա սեպտեմբերին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՆ»
«Ժողովուրդ»-ը ներկայացրել է որոշ արվեստագետների եւ շոուբիզնեսցիների կարծիքը` հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, իշխանություններին ներկայացրած պահանջների եւ հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ: Այս անգամ մենք զրուցել ենք թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Սամվել Թոփալյանի հետ, ով, ի դեպ, հասցրել է լինել Խորենացի փողոցում եւ ծանոթ է տեղի մթնոլորտին:
«Ես ցույցերի, բողոքի ակցիաների երբեք չեմ մասնակցել, միշտ կասկածել եմ, որ առկա է պատվեր, բայց սա այն եզակի դեպքն է, որ ես համոզված եմ` պատվեր, առավել եւս` դրսից, չկա: ՊՊԾ գնդի տարածքում հավաքվել են շատ կոնկրետ ճանապարհ անցած, ազնվագույն մարդիկ: Ես Խորենացիում եղել եմ զուտ մարդկային գործոնից ելնելով. շատերն այնտեղ են, եւ ես չէի կարող տանը ոտքս ոտքիս գցել ու սուրճ խմել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իրավիճակի հնարավոր հանգուցալուծմանը, ապա Սամվելը չի պատկերացնում, թե դա որ եղանակով է հնարավոր գտնել. «Ապրում ենք մի երկրում, որտեղ շատ տարօրինակ երեւույթներ են կատարվում, չես կարող ասել, թե որ քայլից հետո ինչ կլինի»,-մեկնաբանեց դերասանը:Նա առաջարկեց արյունահեղությունից խուսափելու իր տարբերակը. «Այս դեպքում իշխանությունները պետք է զիջումների գնան, քանի որ «Սասնա ծռեր»-ի տղաների պահանջը շատ կոնկրետ է, անձնական նպատակներ չի հետապնդում եւ օդի մեջ չի հնչում»,-նշեց Սամվելը:
Դերասանը վստահ է, որ եթե «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկը իր անցած ճանապարհին որեւէ բիծ ունենար, իշխանություններն այսօր կփորփրեին նրանց անցյալը եւ այդ բիծը կմտցնեին ժողովրդի աչքը. «Բայց նման մի փորձ ես չտեսա»,-նկատեց նա:
Անդրադառնալով Խորենացի փողոցում տիրող մթնոլորտին` Սամվելը խոստովանեց, որ առանձնապես կապ չի տեսնում ՊՊԾ գնդի ներսում տեղի ունեցող իրավիճակի եւ Խորենացի փողոցում ամբիոնից խոսող որոշ մարդկանց կոչերի միջեւ. «Շատերն այնպիսի կոչեր են անում, որ ժողովուրդը տեղափոխվի էմոցիոնալ դաշտ: Դա շատ տգեղ է: Թողած կոնկրետ իրավիճակը` ոմանք խոսում են բաներից, որոնք մենք անգիր գիտենք: Եթե անգամ դա դիտավորյալ չի արվում, թող ելույթ ունեցողները հասկանան` ինչ են խոսում»,-հորդորեց դերասանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ