«Որպես կանոն՝ եթե ճգնաժամ է տեղի ունենում պատանդների հետ, ապա հանրությունը կարեկցում է նրանց ազատ արձակումից հետո: Սակայն Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ նախանցած կիրակի օրը զինված անձինք վերահսկողություն սահմանեցին ոստիկանական բաժանմունքում, ավելի շատ համակրում են զավթիչներին, քան նրանց պատանդներին»,-գրում է Eurasianet ինտերնետ պարբերականը:
«Անհասկանալի է, թե ինչու են տղաները համաձայնվել այդ պայմաններին: Դա սխալ քայլ է: Այժմ կառավարական ուժերը կարող են ներխուժել ցանկացած պահի և զինված գրավում իրականացնել»,-պարբերականը մեջբերում է քաղաքացիներից մեկի խոսքը, ով մեկնաբանել է 4 ոստիկանի ազատ արձակումը, որի փոխարեն հուլիսի 23-ին մամուլի ասուլիս կայացավ:
Պարբերականը հիշեցնում է, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամները հիմնականում Արցախյան պատերազմի մասնակիցներ են, որոնցից մի քանիսը ռազմական զգալի հաջողություններ ունեն:
«Նրանք պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ով կալանքի տակ է գտնվում կառավարությունը տապալելու դավադրության մեղադրանքով»,-գրում է Eurasianet-ը:
Պարբերականը նշում է, որ զինված հարձակման արդյունքում մեկ ոստիկան է սպանվել:
«Երևանի բնակիչների համակրանքը զավթիչների կողմն է, ովքեր հակակրում են երկրի կառավարությանը՝ հայտնի կոռուպցիայով և քաղաքացիական իրավունքների չարաշահումներով: Եվ զենքն իրավիճակը փոխելու լավագույն միջոցն է թվում»,-գրում է պարբերականը:
Երևանի բնակիչները չեն հավատում նախագահի խոսքերին, ընդգծում է պարբերականը:
«Ի՞նչը կարող է զսպել կառավարությանը գրոհից կամ ստիպել կատարել զավթիչների պահանջները, երբ այլևս պատանդներ չկան»,-Eurasianet-ը մեջբերում է ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարների խոսքը:
Պարբերականի խոսքով՝ երկրի կառավարությունը զինյալներին «ահաբեկիչներ» չի անվանում: Դիտորդների կարծիքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք խոստովանում են զավթիչների հանդեպ հանրային աջակցությունը:
«Խումբը, որն իրեն «Սասնա ծռեր» է անվանում (ի պատիվ հայկական էպոսի), հաստատում է, որ Հայաստանի մյուս մարզերը ևս կհետևեն այդ օրինակին»,-գրում է պարբերականը:
Պարբերականի խոսքով՝ չնայած զինյալներին ուղղված ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ կոչերի՝ «նրանք չեն պատրաստվում հանձնվել»: