ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք մատաղը հեթանոսական սովորություն է: Ընդհանրապես, ո՞րն է դրա խորհուրդը:

Լուիզա Վարդանյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մատաղն ընծա է Աստծուն, փրկության հույս է, ողորմություն: Մատաղը երախտագիտության արտահայտություն է առ Աստված մարդուն հիվանդությունից եւ այլ փորձանքներից զերծ պահելու համար: Այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը որպես կերակուր կարիքավորների համար: Մատաղը չի կարելի խնջույքի վերածել: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «մատաղ նշանակում է մատուցել աղ»: Օրհնված աղը մաքրագործում եւ սրբագործում է մատաղացու կենդանին: Ըստ ժողովրդական ավանդության՝ մատաղը բաժանվում է հետեւյալ կերպ.
1. աքաղաղ՝ 3 ընտանիք,
2. գառ, խոյ՝ 7 ընտանիք,
3. արջառ՝ 40 ընտանիք:
Սակայն դա օրենք չէ. կարելի է մատաղը ոչ թե բաժանել, այլ ձեր տուն կանչել աղքատներին եւ կերակրել կամ մատաղն անել եկեղեցու բակում եւ բաժանել հավատացյալներին:
Քանի որ մատաղն Աստծուն՝ ի դեմս աղքատների, մատուցվող ընծա է, ապա մատաղացուն պետք է արդար վաստակի արդյունք լինի՝ ընտիր ու լավագույն: Քրիստոնեական մատաղի ակունքները գալիս են առաքելական ժամանակներից, երբ առաջին քրիստոնյաները Սուրբ պատարագից հետո հավաքվում էին սիրո ճաշի: Մատաղը չի կատարվում մատաղացուի արյունով մեղքերից թողություն ստանալու ակնկալիքով, ինչպես փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել աղանդավորները, որովհետեւ աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացուն տարբերվի կուռքերին մատուցվող զոհերից: Մատաղ չի կարելի անել չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ինչպես նաեւ պահքի շրջանում: Մատաղի միսը նույն օրը պետք է եփվի եւ բաժանվի աղքատներին: Մատաղի մնացորդները պետք է թաղվեն: Մատաղը մարդասիրական արարողություն է:

Օրհնությամբ՝ տեր Շահե քահանա Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում լիովին ներկայացված են մատաղի անցկացման կարգն ու ընդհանուր խորհուրդը: Եվ ցանկալի է՝ յուրաքանչյուր քրիստոնյա իմանա դա ամենայն մանրամասնությամբ: 




Լրահոս