Օդեսայից ժամանած պատվիրակությունը` Երևան քաղաքի պատմության թանգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի հայ համայնքի նախաձեռնությամբ և «Ծիածան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված դպրոցականների մարզային մրցաշարի հաղթողները պարգևատրվել էին մեկշաբաթյա տուրիստական ուղևորությամբ` դեպի Հայաստան: Ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում նաև հայեր կան, այս օրերին գտնվում է Երևանում, ուր հյուրերի համար արդեն կազմակերպվել են մի շարք հանդիպումներ ու մարզամշակութային միջոցառումներ:

Հուլիսի 29-ին պատվիրակությունն այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան, ուր նրանց դիմավորել են թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Նախասրահում պատվիրակության ղեկավար, Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Արմեն Պետոյանը նախ ներկայացրել է ուկրաինացի ականավոր պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» աշխատությունը, որը գրողի հայագիտական կեսդարյա ուսումնասիրությունների արդյունքն է` Ուկրաինայում հայերի բնակության, կենցաղի, մշակույթի զարգացման և այլ ասպարեզներում ունեցած դերակատարման մասին: Այնուհետ պատվիրակության անդամները հարկաբաժիններում դիտել են թանգարանի ցուցանմուշները և ծանոթացել Երևանի համառոտ պատմությանը: Հյուրերը նշել են, որ հիացած են Երևանի գեղեցկությամբ ու անչափ տպավորված են իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:




Լրահոս