ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Հակոբյանն ինքնակամ չի հանձնվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը: Նրա խոսքով` 7 հոգով հարձակվել են նրա վրա ու ծեծել, երբ տեղափոխում էր վիրավորներին:
Հասմիկը նշեց, որ այսօր ինքն առանձնազրույց է ունեցել Երևան քաղաքի ՁՊՎ-ում գտնվող Արամ Հակոբյանի հետ, որտեղ վերջինս հերքել է ոստիկանության տարածած տեղեկությունը, թե ինքն ինքնակամ հանձնվել է իրավապահներին։
«Արամ Հակոբյանն առանձնազրույցի ժամանակ հայտարարեց, որ երբ Պավլիկ Մանուկյանին և իր որդուն վիրավորել էին, ինքը պատգարակով գնացել էր և վիրավորներին տեղափոխում էր ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այդ ընթացքում ինքն անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են: Ապա նրան նստեցրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն իրեն ծեծել են»,-նշեց իրավապաշտպանը: