ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու փաստաբանն օրերս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հրաժարվել էր տեղեկացնել, թե որտեղ է իր պատիժը կրում Դավիթ Վարդանյանը՝ ասելով, թե ՀՀ-ում 5-6 մեկուսարան կա, դրանցից մեկում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վարդանյանի որդին այժմ գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, որը համարվում է բավականին խիստ կալանավայր:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Յ. Վարդանյանի որդուն Իրան-Հայաստան սահմանակետով թմրանյութ անցկացնելիս ձերբակալել էին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության հատկանիշներով:
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ուրբաթ օրը ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել: Գլխավորը լինելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ապագայի հարցը, ինչպես նաեւ քննարկվելու են ներքաղաքական որոշ խնդիրներ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է ՀՀԿ-ն ոչ թե գործադիր մարմնի, այլ խորհրդի՝ առավել ընդգրկուն նիստ հրավիրել: «Օրակարգը կձեւավորվի տեղում, իսկ խորհրդի նիստը, իհարկե, կանոնադրական պահանջ է, ըստ երեւույթին կքննարկվեն ե՛ւ բյուջետային հարցեր, ե՛ւ կլինեն տարբեր քաղաքական հարցեր: Չեմ կարծում, որ Իշխան Զաքարյանի հարցը կքննարկվի»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՉԵ՞Ն ՎՃԱՐՈՒՄ
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել մի շարք քաղաքացիներից, որոնք տեղեկացրել էին, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Փորձեցինք բանկից հետաքրքրվել, թե որն է աշխատավարձերը չվճարելու պատճառը: ««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն 2003թ.-ից մինչեւ օրս Երեւանում, ՀՀ մարզերում եւ ԼՂՀ տարածքում ստեղծել է ավելի քան 1000 աշխատատեղ, եւ այս տարիների ընթացքում բանկի բոլոր աշխատակիցները ժամանակին ստացել են, ստանում են եւ կշարունակեն ստանալ իրենց աշխատավարձերը, եւ Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն մշտապես կայուն է եւ հուսալի, բանկի ցուցանիշները միայն աճում են, եւ բանկի գործունեությունը դադարեցնելու որեւէ հիմք չկա եւ չի կարող լինել»,-տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: