ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) որդին հերթական անգամ հայտնվել է ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Իսկ ահա պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարածված լուրերը համարեց թյուրիմացություն` նշելով, թե իր երեխաները դաստիարակված են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր հայտնի պաշտոնյաների թմրամոլ որդիներին: Ինչպես նկատում ենք, բացի թմրանյութի հետ առնչությունից, բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, այս դեպքում Հանրապետական կուսակցության պատգամավորների որդիները, հայտնի են մի շարք սկանդալային դեպքերով:
Սակայն մինչ դրանց հիշեցումը նախ ներկայացնենք, թե ինչ է կատարվել երեկ` հոկտեմբերի 29-ին, Աբովյան փողոցում: Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Հենց նշված վայրում հայտնաբերվել է Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենա, եւ 4 անձի` 20-ամյա Աշոտ Մանուկյանին, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, 21-ամյա Ռոբերտ Մասումյանին եւ 25-ամյա Սամվել Հարությունյանին բերման են ենթարկել: Տղաները, տեսնելով ոստիկաններին, փորձել են ճողոպրել, սակայն չի հաջողվել: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ռետինե մահակ (ոստիկանական դուբինկա), որը, ըստ մեքենայի տիրոջ՝ Աշոտ Մանուկյանի, իրեն նվիրել են: Նշենք, որ Ստանիսլավ Համբարձումյանը Դերժավայի Արկադիկի որդին է, Աշոտ Մանուկյանը՝ քրոջ որդին, իսկ Ռոբերտ Մասումյանը՝ գործարար, «Բենզին Ռուբո» մականվամբ հայտնի, ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի որդին:
Հիշեցնենք, որ նույն Արկադի Համբարձումյանի հարազատներն առաջին անգամը չէ, որ հայտնվում են սկանդալային միջադեպերի կիզակետում: Դեռեւս 2010թ. դեկտեմբերի 8-ին Երեւանի պետական համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով ու կրակոցներով: «Մակարով» ատրճանակից կրակոցներ էին արձակել Աշոտ Մանուկյանի 05 OL 500 պետհամարանիշներով «Պորշ-Կայեն» մեքենայի ուղղությամբ: Այս կրակոցներից հետո պատգամավորի հարազատները «ջրից չոր էին դուրս եկել», եւ բոլորովին զարմանալի չի լինի, որ այս դեպքում էլ նրանք չենթարկվեն պատասխանատվության:
Արկադի Համբարձումյանը թերեւս միակ ՀՀԿ-ական պատգամավոր չէ, որ «տուժել է» որդու սանձարձակ վարքից:
Դեռեւս 2012-ի սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում տեղի էր ունեցել ծեծկռտուք: 3 ընկերներ Բամբակաշատում կռիվ էին սարքել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդու պատճառով: Սակայն պատգամավորի որդին միանգամայն «չոր էր դուրս եկել» այս պատմությունից: Իսկ պատգամավոր Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր. «Եթե մի գյուղացի տղա մեկին մեր է հայհոյում, ու նրան ծեծում են, ապա լավ են անում, որ ծեծում են: Բա էլ ինչի՞ մասին է խոսքը, հայ տղա է, հայհոյել են, նրանք էլ բռնել ծեծել են, լավ են արել, մի բան էլ դաստիարակել են»:
2012թ. հուլիսի 18-ին էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) որդին՝ Արտակ Գեւորգյանն էր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում մեծ իրարանցում ստեղծել: Նա բռնություն գործադրելու սպառնալիքներով առեւանգել էր Վիրաբ Ասեյանի «ՎԱԶ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 պ/հ ավտոմեքենան՝ այն թողնելով հարակից փողոցում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Պատգամավորի որդին իրեն մեղավոր էր ճանաչել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահող դատավոր Հ. Սարգսյանի գլխավորությամբ որոշել էր Արտակի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով եւ նրա վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման Արմավիրի մարզային ստորաբաժանման վրա:
Եթե Ն. Գեւորգյանի որդին, այնուամենայնիվ, 2 ամիս 29 օր մնաց կալանավորված եւ հասկացավ ազատության գինը, ապա Ա. Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միանգամայն վստահ հայտարարեց, որ իր երեխաները դաստիարակված մարդիկ են եւ չեն «նստի»:
-Ի՞նչ դուբինկաներ, այդ ի՞նչ ասելու բան է, սենսացիա եք ման գալիս, մեր երեխաներն այնպիսի դաստիարակություն են ստացել, որ նման բան չի կարող լինել:
-Պարո՛ն Համբարձումյան, ինչո՞ւ եք զայրանում, սա առաջին դեպքը չէ, որ Ձեր հարազատները հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում:
-Էլ ո՞ւմ հետ է եղել, որ ասում եք:
-Հիշո՞ւմ եք 2010թ. Երեւանի պետական համալսարանի մոտ Ձեր քրոջ որդու հայտնի կրակոցները:
-Այդ դեպքում մենք տուժող ենք եղել, եւ հետո՝ թացը չորին խառնել չի կարելի: Ես պնդում եմ, որ իմ երեխաները դաստիարակված են, ու նման բան չկա: Հետեւե՛ք գործին եւ կտեսնեք:
-Եթե դաստիարակված են, ապա ինչպե՞ս կբացատրեք նրանց անվան շուրջ կատարվող սկանդալային իրադարձությունները: Դուք կամ Ձեր երեխաները թշնամիներ ունե՞ք:
-Ես այստեղ որեւէ միտում չեմ տեսնում, ո՛չ դուշման ունեմ, ո՛չ էլ որեւէ խնդիր:
Պատգամավորի այսօրինակ վստահությունը ենթադրել է տալիս, որ կա՛մ նրա երեխաներն իսկապես անմեղ են, կա՛մ պատգամավորը վստահ է, որ իր ամենակարող մանդատը, ինչպես բոլոր սկանդալային դեպքերում, այս դեպքում էլ կփրկի իրեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս