Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նեղսրտած հայտարարեց, որ չի լռելու: Նա պահանջում է պատասխանատվության ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանին, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանին եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանին, քանի որ նրանք են ծեծի ենթարկել իր որդուն եւ նրա երեք ընկերներին:
Եվ այսպես, ի՞նչ է իրականում կատարվել նշված օրը Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում, որի մասին սոցցանցերում 3 օր է՝ խոսում են: Փախուստի դիմած զինվորներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ին ասաց. “Ես վախենալու բան չունեմ, ամեն ինչ կպատմեմ: Իմ երեխան իրեն կորցրած մտավ տուն, թե պա՛պ, ինձ փրկի, սպանում են”:
Ըստ Ս. Մարկոսյանի՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել են դեռ շատ վաղուց. “Տղաս ծառայում էր ՊՆ զորամասերից մեկում, ու այդ ժամաանակ զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանի եւ որդուս միջեւ վեճ էր տեղի ունեցել: Մայոր Պողոսյանը որդուս ասել էր. “Ա՛յ ոչխար, հլա ուղղվի՛”: Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի վերջինիս կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասո՞ւմ՝ ա՛յ ոչխար”: Մայորը պատասխանել է. “Ոչ միայն էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ”, եւ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածել է մայորի գլխին՝ ականջների ուղղությամբ: Եվ ես պնդւմ եմ, որ լավ էր արել, ո՞ւմ հայհոյեն, որ նման բան չանի”:
Զինվորի հոր խոսքով` այս պատմությունից հետո Դավիթը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման ու պատիժը կրելուց հետո շարունակում էր իր ծառայությունը Վարդենիսի N զորամասում. “Ծառայության ընթացքում որդուս մոտ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացան, եւ սեպտեմբերի 17-ին նրան տեղափոխեցին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ: Նշված գիշերն անծանոթ բարի մարդիկ են փրկել իմ երեխային: Ականջն ու դեմքն այլանդակված էին: Որդիս ասաց, որ ինքն աղմուկ է լսել եւ գնացել է կողքի սենյակ ու տեսել, որ կլինիկական հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանն ու մի քանի հոգի իր ընկերոջը` հոկտեմբերյանցի Ռազմիկին, ծեծում են: Էլ բան չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ: Ես պնդում եմ, որ 2012թ. դեպքից հրամանատար Գարեգին Պողոսյանից մինչեւ այս վերջին դեպքի մեղավորները՝ հոսպիտալի նշված մարդիկ, պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենայն խստությամբ: Ես չեմ լռելու”:
Քնար Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում