«ՄԵՐ ԵՐԳԸ ՇԱՏ ԴԻՆԱՄԻԿ Է, ՊԱՐԱՅԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը։ Հայաստանը ներկայացնելու է 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը «Շոկո ֆաբրիկա» երգով: Հիշեցնենք, որ հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:
«Ժողովուրդ»-ը «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի հետ զրուցեց մեր պատվիրակության նախապատրաստական աշխատանքների շուրջ։
-Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Կապված եվրոպական այլ երկրների հետ՝ ասեմ, որ այնտեղ էլ են այդ աշխատանքները տարվում, որովհետեւ դեռ ճշգրտված չէ մասնակից երկրների քանակը։ Այդ տեղեկատվությունն այս տարի մի քիչ ուշացավ, որովհետեւ տարբեր երկրների հետ, թե՛ ֆինանսական, թե՛ ժամի փոփոխման հետ կապված, խնդիրներ կային։ Երկարաժամկետ ընդմիջումից հետո վերջապես մի քանի օրից արդեն հստակ կհայտարարվի, թե քանի մասնակից է լինելու, քանի հոգու հետ ենք մրցելու։ Մենք երգն արդեն վերջնական տեսքի ենք բերել, հիմա տեսահոլովակի նկարահանման, հագուստների ձեւավորման եւ ընդհանուր բեմադրության հետ կապված աշխատանքներ են տարվում։
-Հնարավո՞ր է, որ առաջիկայում մեր երկիրն էլ ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվի մասնակցությունից։
-Չես կարող ասել՝ ամեն տարի ինչպես կլինի։ Մենք մշտապես լավ արդյունքներ ենք գրանցել «Մանկական Եվրատեսիլ»-ում, անգամ հյուրընկալել ենք այն, այսինքն՝ մեր պատմությունն այս մրցույթում բավականին հաջող է: Իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում դրան, միշտ մասնակցողների առաջին շարքերում ենք, եւ հրաժարվելը ճիշտ չի լինի։
-Տեսահոլովակը ե՞րբ կցուցադրվի, մտադի՞ր չեք եվրոպական երկրներ մեկնել` երգը ներկայացնելու։
-Երկրներ գնալը եւ երգը ներկայացնելն ավելի հատուկ է մեծերի «Եվրատեսիլ»-ին։ Իսկ մանկականում դա արվում է օն-լայն տարբերակով։ Առաջիկա շաբաթների ընթացքում, երբ արդեն տեսահոլովակը պատրաստ կլինի, այն կտեղադրվի «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։
-Ի՞նչ թիմով եք աշխատում։
-Հանրային հեռուստատեսության ստեղծագործական խումբն է։
-Իսկ ինչպե՞ս է տրամադրված Մոնիկան։
-Շատ լավ տրամադրությամբ է նախապատրաստվում մրցույթին։ Ինձ թվում է՝ ցանկացած երեխայի համար դա երազանք է, ու այս տարի եւս մեկ երեխայի երազանքը կկատարվի։ Բացի նրանից, որ լավ խումբ է, յուրահատուկ կերպարներ են, երեխաները հետաքրքիր ձեւով են ներկայանալու, նաեւ մեր երգը շատ դինամիկ է, պարային: Այն  հիթային է, եւ կարծում եմ՝ շատերի կողմից կհիշվի ու լավ գնահատականի կարժանանա։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս