ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵԺ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մի շարք մարզերում աշնանը կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքում եւս, ինչպես մի շարք այլ մարզերում, ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու:

Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 2-ին, եւ արդեն թեկնածուների մասով որոշ հստակություն կա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սիսիանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որը 2008 թվականից առ այսօր Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն էր: Սակայն երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, Աղասի Հակոբջանյանը եւս դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդից: Հիմա նա հանդես է գալիս որպես անկուսակցական:
Աղասի Հակոբջանյանը շուրջ 6 տարի Սիսիանի քաղաքապետ աշխատելու ընթացքում անմասն չի մնացել աղմկալի պատմություններից: Դեռեւս 2014 թվականին նա հայտնվեց մեղադրյալի աթոռին այն բանի համար, որ պատշաճ չէր կատարել իր ծառայողական պարտականությունները եւ համայնքին գույքային վնաս էր հասցրել: Սակայն Սյունիքի մարզի առաջին ատյանի «ամենաանկախ» դատարանը կարճեց այս գործը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը փորձեց գործող քաղաքապետից հետաքրքրվել, թե ինչ երաշխիքով է ցանկանում կրկին դառնալ քաղաքապետ` հաշվի առնելով իր անվան հետ կապված աղմկալի չարաշահումների գործը:
-Պարո՛ն Հակոբջանյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, 6 տարի նույն պաշտոնին եք, չեք հոգնե՞լ:
-Ի՞նչ եք առաջարկում, չառաջադրվե՞մ:
-Դուք եք որոշողը:
-Առաջադրվելու եմ:
-Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ պարզեցինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն էիք, հիմա ո՞ր կուսակցությանն եք միացել՝ «Համախմբո՞ւմ», «Վերածնո՞ւնդ», թե՞ ՀՀԿ:
-Անկուսակցական եմ, այդպես էլ առաջադրվելու եմ:
-Տեղյա՞կ եք` Ձեր մրցակիցներն ովքե՞ր են:
-Չեմ կարող ասել, թե ովքեր են:
-Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ունի նաեւ իր թեկնածուն, որը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանն է:
-Չեմ կարծում, ես Ձեզնից եմ նոր լսում:
-Բոլորին հայտնի է Ձեր անվան հետ կապված աղմկալի քրեական գործի պատմությունը, մտավախություն չունե՞ք, որ այն կազդի Ձեր քվեների վրա:
-Այդ գործը շինծու գործը էր, որը հանցակազմի բացակայությամբ կարճվեց, պատվիրված բան էր իմ անձի նկատմամբ:
-Եթե Սյունիքի մարզպետը այլ մարդու է սատարելու, եւ, ըստ էության, Դուք չունեք նրա համաձայնությունը, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Ինչ համաձայնություն, մարզպետը գիտի, որ պիտի դնեմ: Ես այս տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատել եմ եւ կարծում եմ, որ մեծամասնությունը քվեների իմը կլինի:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար կան եւս երկու ազդեցիկ թեկնածուներ: Նրանցից մեկը Սամվել Թանգյանն է, որը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետն է: Եւս մեկ թեկնածուի մասին խոսակցություններ կան, որը Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին է` Արթուր Սարգսյանը, որը Սյունիքի տարածաշրջանի պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության բաժնի պետն է:
Արթուր Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո, առաջադրվելու եմ, հայրիկի նախկին քաղաքապետ լինելը կապ չունի, պարզապես ես ներկա պահին պետական աշխատող եմ, ուստի այս պահին այսքանից ավել այլ բան հայտնելու իրավասություն չունեմ»:

Ինչ է սպասվում Կապանում
Կապանի քաղաքապետի ընտրություններում կրկին առաջադրվելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Թեեւ նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեռ ժամանակ կա որոշում կայացնելու: «Փոքր համայնք է, միշտ փորձել ենք հնարավորինս նախընտրական ընդվզումները, խմորումները հասցնել նվազագույնի, որովհետեւ չի կարող լինել ընտրություն համայնքում, որտեղ ընդվզումներ, զարգացումներ, որոշակի չափով խռովություններ եւ այլ նման երեւույթներ լինեն: Այնպես որ, դեռ ժամանակ կա մինչեւ առաջադրումը, կանդրադառնանք թեմային»,- հայտնեց պարոն Հայրապետյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կապան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս մասնակցելու է: Նրանց թեկնածուն կլինի Կապանի ԲՀԿ տարածքային կառույցի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: Պարզվում է՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» կուսակցությունը Կապանում քաղաքապետի միանգամից երկու թեկնածուներ ունի: Մեկը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանն է, մյուսը` Կապանի նախկին դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը: Վերջինս 2012թ. դեկտեմբերին կայացված դատարանի վճռով երկու տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվել էր՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Մեղրի եւ Գորիս քաղաքներում անորոշություն է
Նկատենք, որ չնայած Սիսիան եւ Կապան քաղաքում քաղաքապետի ընտրություններին թեկնածուների մասով արդեն որոշակի տեղաշարժ կա, սակայն Գորիս եւ Մեղրի քաղաքում պատկերն անորոշ է: Բանն այն է, որ համայնքների խոշորացման հետեւանքով Գորիս եւ Մեղրի քաղաքներին են միացել մի շարք փոքր համայնքներ եւ քաղաքապետի ընտրության հարցով այստեղ լուրջ խմորումներն անխուսափելի են լինելու: Թերեւս դա է պատճառը, որ այստեղ ո՛չ իշխող ՀՀԿ-ն, ո՛չ էլ մյուս կուսակցությունները թեկնածուների հարցով հստակ որոշումներ չունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԵՆ
Այսօր արդարադատության խորհրդի նիստում քննարկվելու է երկու դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցը: Դատավորներին պատժելու միջնորդությամբ ԱԽ-ին դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Նշենք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստն անցկացնել դռնփակ:
Իսկ ովքեր են այն դատավորները, որոնք հայտնվել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատավորներից մեկը, որի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է դրված, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն է: Նա քննում է Գյումրու բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Հենց այս գործով էր, որ հուլիսի 8-ի դատական նիստում իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել, ինչը նա չէր բավարարել: Ըստ դատավորի՝ ինքնաբացարկի համար բավարար հիմքեր չկան, եւ ապացուցված չէ, որ դատավորը կաշկանդված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում: Իսկ թե կոնկրետ ո՞ր հարցում է սխալվել դատավորը կամ սխալվե՞լ է արդյոք, թե ոչ, կպարզվի այսօր:
Նկատենք, որ արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում, բացի Հարություն Մովսեսյանի հարցից, քննելու է նաեւ մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Մեզ հաջողվեց պարզել, որ երկրորդ դատավորը, որի պատասխանատվության հարցը քննվելու է այսօր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկն է: Սակայն նրա անունը մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

114 ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընդհանուր թվով ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում: Ըստ գրասենյակի՝ ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն եւ չվերադարձնելուն, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն եւ բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

 

 

200 ԿՐԱԿՈՑ
Հուլիսի լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 27 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:

 

 

ՊԱՏՆԵՇԸ ՃԵՂՔԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբավորումը երեկ առավոտյան հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով մի քաղաքացի իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ՊՊԾ մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից տեղեկացել է, որ «Սասնա ծռեր» խմբի տղաների սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ գտնվում է ՊՊԾ գնդում:

 

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ ԵՆ
Հուլիսի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար: «Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք։ Ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա», – ասել է բժիշկ Հարություն Մանգոյանը։

 

 

ՋՐԱՀԵՂՁՎԵԼ Է
Երեկ՝ ժամը 10:46, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07:41-ի սահմաններում դեռեւս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սեւ ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի, 66-ամյա Արամ Աբրահամյանը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից:




Լրահոս