ԳՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Այգեհատի հիմնական դպրոցում տարեցտարի պակասում է աշակերտների թիվը: Դպրոցի տնօրեն Պարույր Շահվերդյանի խոսքով, եթե աշակերտների թվի նվազումն այս տեմպերով շարունակվի, դպրոցը կփակվի:
Դեռեւս 2005թ. Այգեհատի դպրոցը 50 աշակերտ է ունեցել, մինչդեռ ներկայումս աշակերտների թիվը 12-ն է: Այս տարի դպրոցն ավարտել է 6, իսկ առաջին դասարան է ընդունվել ընդամենը մեկ աշակերտ: Ամեն տարի 3-5-ով նվազում է դպրոց ընդունվողների թիվը: Գյուղում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը 6-ն է: Դպրոցում բացակայում են երրորդ, չորրորդ, վեցերորդ եւ իններորդ դասարանները: Աշակերտների թվով  պայմանավորված՝ դասարանները կոմպլեկտավորում են:
Մոտ 50 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, մաթեմատիկայի ուսուցիչ Ռազմիկ Միքայելյանն ասում է, որ կոմպլեկտավորումը երեխաների առաջադիմության նվազման պատճառ կարող է դառնալ, քանի որ մոտ 20 րոպե աշակերտներն ուշադրությունից զուրկ են մնում եւ իրենց առաջադրված աշխատանքը կատարելու փոխարեն ստիպված են լինում լսել մյուս դասարանի դասը:
Աշակերտները, իհարկե, ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին: Ութերորդ դասարանում սովորող աղջիկներից գերազանցիկը՝ Սոնան, խոստովանում է. «Վատ է, որ կոմպլեկտավորված ենք, որ ամբողջ դասաժամը մեզ չի տրամադրվում, սակայն ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում, որ լավ սովորենք»: Ավելի ցածր դասարանցիներին, օրինակ, հետաքրքրում է խաղը: Երկրորդ դասարանցիները երեքն են: Ինչպես նրանք են ասում, երեքով խաղալը շատ անհետաքրքիր է, կուզեին՝ իրենց հասակակիցները գյուղում շատ լինեին: Նշենք, որ Այգեհատ գյուղն ունի 220 բնակիչ: Երիտասարդները քիչ են, ծնելիությունը՝ ցածր, արդյունքում` գյուղն արագորեն ծերանում է:

Ա. ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս