ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 26-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան 6-րդ շենքի 37-րդ բնակարանում: Դանակի 17 հարվածով սպանել էին 42-ամյա Աննա Ստեփանյանին: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց սպանված Աննա Ստեփանյանի բնակարան, որի դուռը, սակայն, կնքված էր: Մեզ հետ զրույցում սպանվածի հարեւաններից տիկին Լաուրան պատմեց, որ Աննան ապրում էր հոր` Վանիկ Ստեփանյանի հետ, որն առաջինն է տեսել սպանված աղջկան. «Երկու եղբայր ունի: Հարեւանները մի անգամ Աննային հարցրել են, թե աշխատում ես, նա էլ ասել է, թե չեմ աշխատում: Մենք վատ բան չենք տեսել նրանից»: Ըստ հարեւանների՝ դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ ժամը 4-5 սահմաններում: «Ոչ ոք ձայն չի լսել, միայն ասում են, որ սեղանին երկու տեսակի սուրճ է եղել: Անգամ Աննային չեն հուղարկավորել իր սեփական բնակարանից, քանի որ այն պլոմբած է, ու քննիչները գործը քննում են: Նրա հուղարկավորությունը եկեղեցուց է եղել»,-պատմեց սպանվածի հարեւանուհին: Շենքի բնակիչներից մի քանիսն էլ նշեցին, որ Աննային սպանել են առանձնակի դաժանությամբ` դանակը կոկորդից մտցնելով եւ աչքից հանելով: Հարեւանների մի մասն ասաց, թե Աննան ամուսնացած չէր, մի մասն էլ նշեց, որ նա ամուսնալուծված էր:  

ՍԿՍԵԼ Է ՎՃԱՐԵԼ
«Արմավիա» ավիաընկերությունը սկսել է վճարել նախկին աշխատակիցների` ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ն «Արմավիա»-ի նախկին ինժեներներից տեղեկացավ, որ նրանք առայժմ ստացել են անցյալ տարվա դեկտեմբերի աշխատավարձը: Նաեւ պարզեցինք, որ ինժեներներից մոտ 10 աշխատակից ներկայումս Ղազախստանում է աշխատում, վեցը՝ աֆրիկյան պետություններում, մի քանիսն էլ` Մոսկվայում:

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել մի քաղաքացի «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով:
Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչությունից «Ժողովուրդ»-ին ասացին, որ հիվանդի օգտագործած մսամթերքի փորձաքննության պատասխանը դեռ չի եկել, ու թեեւ խանութի անունը հայտնի է, սակայն հրապարակելը նպատակահարմար չէ: Ավելի վաղ նշյալ վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էին, որ այցելել են այդ խանութ, կասեցրել մսամթերքի բաժնի աշխատանքը, ինչպես նաեւ նմուշներ են վերցրել եւ ճշտել, թե այդ օրը խանութը որտեղից է միս ստացել: Իսկ սիբիրյան խոցով վարակված անձի ինքնությունը չի հրապարակվում, որովհետեւ ինքը չի ցանկացել:




Լրահոս