ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս 2008թ. հետընտրական զարգացումների ժամանակ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը “հեղափոխությունը կխեղդի օրորոցում”: Իսկ նախօրեին էլ “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը պատրաստվում էր հեղափոխություն անել, որը կասեցվեց: Այս առիթով “Ժողովուրդ”-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

-Պարո՛ն Սարգսյան, Մաշտոցի պողոտայում լուրջ բախում է տեղի ունեցել հեղափոխություն անել ցանկացող մի խումբ մարդկանց եւ ոստիկանների միջեւ…
-Իմ տեսակետն այն է, որ ոստիկանությունն այդպես էլ պետք է իրեն դրսեւորեր: Ի՞նչ ասել է հեղափոխություն: Այդ բառը մի քանի իմաստ ունի, մի քանի կերպ կարելի է հասկանալ, բայց ոչ թե հեղաշրջում: Այսինքն՝ զենքի ուժով, բռնությամբ հեղաշրջում կատարել: Կարծում եմ, որ դա քաղաքակիրթ ճանապարհ չէ, ու այս դեպքում ոստիկանությունը շատ ճիշտ է վարվել:
-Այսինքն՝ ոստիկանության կատարած աշխատանքից գո՞հ եք:
-Ինչի՞ մասին է խոսքը, այստեղ լավ կամ վատ աշխատելու մասին չէ խոսքը:
-Շանթ Հարությունյանը մշտապես հայտարարել է, որ ինքը պատրաստվում է բենզինի շշերով հեղափոխություն կատարել, սակայն իրավապահ մարմինները չէին կանխում նրան…
-Մինչեւ այդ երեւի օրենքով սահմանված ցույցերի, հավաքների հետ կապված որեւէ խախտում թույլ չի տվել, ասել էր, բայց երեւի լուրջ չէին վերաբերվել: Իսկ երբ արդեն ամեն ինչ լրջացավ, երբ սկսեցին զինվել, ինչ-որ տարբեր գործիքներ, փայտեր, կարծում եմ՝ արդեն ոստիկանությունը պետք է կանխեր ու կանխեց այդ ամենը:
-Կարծիք կա, որ օրվա իշխանություններն են ժողովրդին նման վիճակի հասցրել: 
-Ես զերծ եմ մնում ուրիշ վերլուծություններ անելուց, ցանկացած երկրում էլ կարող են նման դրսեւորումներ լինել, իսկ ոստիկանությունն էլ իր ֆունկցիոնալ պարտականությունն է կատարել, այստեղ ես որեւէ արտասովոր կամ տարօրինակ բան չեմ տեսնում:
-Եթե Դուք լինեիք ՀՀ ոստիկանապետ, նույնպե՞ս այդպես կվարվեիք ակցիայի մասնակիցների հետ:
-Այսինքն՝ թույլ տային փայտերով գնալ նախագահի նստավայր ու այդ փայթուցիչները գցել նստավայրի բակո՞ւմ: Չի կարելի. ամեն տեսակի բռնի ուժով իշխանափոխության փորձ կատարողները, կարծում եմ, նման վերաբերմունքի պետք է արժանանան: Միգուցե ոստիկանությունը ծաղիկներով ուղեկցե՞ր, ի՞նչ եք ասում: Նման բան չի կարող լինել ոչ մի երկրում, մեր երկիրն էլ ներառյալ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 655 համար




Լրահոս