ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՄԱՆԿ ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՐԱՑՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ անկախ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններից, բանակցությունները շարունակվում են:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հուլիսի 17-ից Երեւանում զարգացող իրադարձությունները կապվում են ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հետ: Տեսակետ կա, որ մինչ մենք խառնված ենք ներքին հարցերի կարգավորմամբ, արտաքին ճնշումները՝ հիմնահարցը կարգավորելու շուրջ, շարունակվում են: Կա՞ կապ ներսում ու դրսում տեղի ունեցող գործընթացների մեջ:
-Կապն այնքանով կա, որքանով զինյալները, փաստորեն, նույնքան անհանգստացած էին ընթացող բանակցություններով, որքան եւ հասարակության մի ստվար հատված: Ոմանք ընտրել են լռությամբ բողոքի, ոմանք հարթակից եւ փողոցից բողոքի, ոմանք մասնագիտորեն խոսելու, իսկ ոմանք էլ այն ճանապարհը, որին ականատես ենք լինում ՊՊԾ գնդում: Մնացածը կոնսպիրոլոգիական, կեղտոտ մտքերի անմաքուր արտադրանք է: Հետքեր տեսնել Արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Բրիտանիայում կամ էլ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում եւ կամ Ֆիջիում. հիվանդ կամ չարամիտ երեւակայության արդյունք է: ՊՊԾ գնդում այնքան պարզ է ամեն բան, որ կասկածելիս պետք է կասկածելի մոտիվներ ունենալ: Բնականաբար պետական ռեպրեսիվ ապարատը սկսել է բոլոր արեւմտյան անձնագիր կամ կապեր ունեցողներին վարկաբեկելու, կոնսպիրոլոգիական լույսի ներքո ցուցադրելու, այս կամ այն երկրի հատուկ ծառայության աշխատակից կամ գործակալ ներկայացնելու գործընթաց: Դա դեռեւս խորհրդային տարիներից եկած մոտեցում է: Այդ տրամաբանությամբ Հայաստանի առնվազն մեկ առանցքային նախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանրապես անհրաժեշտ է նշանակել Հայաստանում դաշնակից պետության դեսպաններ: Այս ամենն, իրականում, մարդու չեզոքացման տակտիկա է: Նրանց, ում այլ մեթոդներով հակազդելը դժվար է, եւ որոնց դեմ որեւէ փաստարկ չունեն, որովհետեւ չկա, փորձում են դրսի հետ կապի հանգամանքն օգտագործելով՝ դեմոնիզացնել եւ իբրեւ թե վարկաբեկել: Արդեն այդպիսի նյութեր տեսնում ենք իշխանական մամուլում: Վստահ եմ, որ դեռ ավելիին ականատես կլինենք: Իրականում դա նույնպես կուրության եւ իրականությունից կտրվածության արդյունք է: Փոխանակ աշխատելու ստեղծված իրավիճակը հարթելու եւ երկիրը շահած դուրս բերելու այս ճգնաժամից, իշխանությունը խորամանկ գավառամտությամբ փորձում է կեղծ տեսություններ հնարել եւ ավելի խորացնել ճգնաժամը:
-Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն ի՞նչ քաղաքական կապիտալով կարող է գնալ բանակցությունների:
-Քաղաքական կապիտալ նախագահը վաղուց չունի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գոնե այս տարածաշրջանի մասով թելադրվում է այլ կենտրոններից: Ամոթալի բանակցությունների փաստն արդեն խոսում է այն մասին, որ այդ սեղանի շուրջ Հայաստանն անկապիտալ է նստած: Նման պայմաններում իրավիճակը կարող է միայն պարտվողական լինել, իսկ գործընթացները՝ աղետալի:
-Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետ կկանգնի տարածքների հանձման շուրջ ժողովրդի թիկունքում բանակցելու գործելաոճից, ինչպես արձանագրել էիք նաեւ Շուշիում ստորագված հռչակագրում:
-Չգիտեմ: Սարգսյանն այս պահին ակնհայտորեն հետ չի կանգնել, որովհետեւ պաշտոնական եւ հաստատակամ հայտարարություն չի անում, որ տարածքների հանձնման մասին խոսք անգամ լինել չի կարող: Եվ եթե այդ մասով իրոք չի բանակցում, ապա անհասկանալի է, թե ինչը կխանգարեր նման հայտարարություն անելուն: Թե ինչ կլինի վաղը, ես որեւէ կերպ չեմ կարող կռահել: Բայց, դատելով գործընթացների խորացածությունից, թերեւս այս կուրսը կշարունակվի:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում:
-Սա նշանակում է, որ ոչինչ չփոխող եւ ոչինչ չտվող գեղեցիկ մի դրվագ կարգավորվել է, եւ համաձայնություն է ձեռք բերվել: Դա նաեւ կարող է վկայել երկու ղեկավարների միջեւ հաստատված աննախադեպ փոխվստահության մասին: Լավ է նման մերձեցումն արդյոք, թե ոչ, դատեք ինքներդ:

 

 

 
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐ ԵՎ ԱԱԾ-Ի «ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ»

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպին, որի արդյունքում վիրավորվեցին Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների մեկ ներկայացուցիչ, հաջորդեցին մասսայական ձերբակալությունները: Դեռ գիշերվանից ոստիկանությունը սկսեց մարդկանց բերման ենթարկել, ինչը շարունակվեց երեկ ողջ օրվա ընթացքում. ոստիկանները բերման էին ենթարկում Խորենացի փողոցում հայտնված յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց ներկայացնելու որեւէ իրավական հիմնավորում: Ըստ էության, երեկ Խորենացի փողոցում անարգել տեղաշարժվում էին միայն լրագրողները եւ կարմիր բերետավորները:

Երեկ առավոտյան ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ «Սասնա ծռեր» զինված խմբին եւս մեկ անգամ կոչ անելով դադարեցնել գործողությունները եւ հանձնվել իշխանություններին.
Իսկ արդեն երեկոյան ԱԱԾ տարածած նոր հայտարարության մեջ զգուշացվում էր իրավապահների կողմից հրազեն կիրառելու հավանականության մասին. «Արգելափակված տարածքի սահմաններում խմբի որեւէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում անկանոն կրակոցներ արձակելու դեպքում զինված խմբի կամ դրա անդամների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ։ Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացնում է նաեւ, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը նույնպես կանխվելու են հրազենի կիրառմամբ»,- ասված էր ԱԱԾ հայտարարությունում, որտեղ նշված էր, որ այդ զգուշացումն արվում է «վերջին անգամ»:
Նշենք, որ բացի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից՝ երեկ բերման ենթարկվեցին նաեւ հակաճգնաժամային խորհրդի համակարգող խմբի անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ այլք: Ի նշան Խորենացի փողոցում կատարվող դեպքերի դեմ բողոքի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ փակեցին Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկը, ինչի արդյունքում նրանց եւս բերման ենթարկեցին:
Ուշագրավն այն է, որ նախորդ օրերի հավաքներին ակտիվորեն մասնակցող Անդրիաս Ղուկասյանը, Ռուբեն Հախվերդյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը այդպես էլ Խորենացի փողոցում չերեւացին: Ի վերջո, երբ ցուցարարները չհանձնվեցին եւ որոշեցին իրենց բողոքի ակցիան անցկացնել Ազատության հրապարակում, հայտնվեց հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ցուցումներ տալով քաղաքացիներին:
Վերջինս նշեց, թե նախաձեռնող խումբը «գլխատվել է», ամեն րոպե կարող են բերման ենթարկել նաեւ իրեն եւ խմբի՝ ազատության մեջ մնացած անդամներին: Այնուհետեւ կոչ արեց ամեն օր, ժամը 19:30-ին հավաքվել Ազատության հրապարակում` իրենց բողոքի ալիքը բարձրացնելու նպատակով:
Սակայն ցուցարարները միաբերան որոշում կայացրին երթով հասնել Խորենացի փողոց «Սասնա ծռեր» զինված խմբին այնտեղից աջակցելու նպատակով: Հասնելով Խորենացի փողոց՝ վերջիններս Սերժ Սարգսյանին 30 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի նա հրաժարական ներկայացնի:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԳՈՒՅՔԸ ԿՀԱՆՎԻ ԱՃՈՒՐԴԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերության գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլատվություն ստանալու համար: Կ. Ասատրյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ գույք են պատրաստվում աճուրդի հանել. «Մեկ անշարժ գույք է, որը միայն 3-րդ անձի պատկանող տուն է, մնացածը ընկերությանը պատկանող հիմնական եւ շրջանառու միջոցներն են: Իմ նշած հիմնական եւ շրջանառու միջոցները շարժական են. կա նաեւ մեկ ինքնաթիռ՝ TU 134, որը այս պահին շահագործման պիտանի չէ»: Նա նաեւ պարզաբանեց, որ ընկերության կողմից ներկայացված առողջացման ծրագիրը, որը հաստատվել էր, չի կատարվել: Եւ այդ հիմքով սկսել է ընկերության լուծարային գործընթացը:

 

 

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ
ՀՀ կառավարության վաղվա նիստում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում կհաստատվեն Ռուբեն Միրզախանյանի ընտրության արդյունքները: Նախատեսվում է նաեւ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատել Կորյուն Աթոյանի ընտրության արդյունքները: Արդյունքում ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Կ. Աթոյանի եւ Ռ. Միրզախանյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթն անցկացվել էր հունիսի 17-ին, իսկ տնտեսագիտական համալսարանում` հուլիսի 12-ին:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ծաղկավաճառ Տիգրան Ստեփանյանի դրամական միջոցներն անցած տարվա տարեվերջին կազմել են 74 միլիոն 500 հազ. դրամ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ պատգամավորի եկամուտը եղել է նրա աշխատավարձը, որն ամսական կազմել է մոտ 573 հազ. դրամ: Պատգամավորի տիկնոջ` Լիդիա Ստեփանյանի դրամական միջոցը կազմել է 32 միլիոն 500 հազ. դրամ: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ 18 միլիոն 500 հազ. դրամի «այլ եկամուտ»: Հիշեցնենք, որ պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակված տեքստերում եկամուտների աղբյուրները չեն հրապարակվում:

 

 

ԷԼԻ ԹՌԱՆ
Երեկվա ինքնաբուխ հանրահավաք-երթին քաղաքական որեւէ ուժ այդպես էլ չէր մասնակցում: Նախօրեին Վարդան Օսկանյանի «Համախմբումը», «Ազատամարտիկների դաշինքը», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ էլի մի քանի ուժեր հայտարարել էին «Սասնա ծռերին» միանալու մասին, սակայն տեսնելով ոստիկանական գործողությունները՝ այդպես էլ որեւէ մեկը չհամարձակվեց երեւալ ցուցարարների կողքին՝ փաստացի նրանց մենակ թողնելով: Էլի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա մնաց. նա միայնակ այնտեղ էր:




Լրահոս