«ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ԳՈՒՑԵ ԻՄ ՈՒ ԺԱԿԻ ՄԵՋ ՄԻ ԲԱՆ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով բոլորին ծանոթ հանրային անձինք կներկայանան իրենց էությանը բնորոշ նոր կողմերով, կպատմեն անձնական կյանքին առնչվող դրվագներ, որոնք քչերին են հայտնի, հնարավոր է` բացահայտեն նաեւ որոշ գաղտնիքներ: Այս անգամ մեր զրուցակիցը ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է (Լուլու):

-Լուսինե՛, ինչի՞ հետ են կապված ծննդավայրին առնչվող Ձեր առաջին հիշողությունները:
-Թեեւ Երեւանում եմ ծնվել, բայց ասեմ, որ մանկության հուշերս կապված են Այնթապ գյուղի հետ: Այնտեղի բույրը, տերեւների ու խոտերի վրայի ցողը, մայրամուտը չեմ կարող մոռանալ: Դպրոցական տարիքից սկսած մանկության հուշերս նոր կապվում են մայրաքաղաքի հետ:
-Ձեր կյանքի ո՞ր շրջանը մի փոքր կվերափոխեիք:
-Ուսանողական տարիները: Անպայման կօգտագործեի արտերկրում կրթություն ստանալու իմ հնարավորությունները: Հիմա փորձում եմ այդ բացը լրացնել, բայց արդեն ուշ է:
-Չեք կարող անտարբեր անցնել…
-Տխուր, սրտնեղած մարդկանց կողքով: Անպայման փորձում եմ մխիթարել ու աջակցել:
-Հանրային անձ լինելու ամենամեծ դժվարությունը:
-Անընդհատ մարդկանց հսկողության տակ լինելը: Երբ երիտասարդ էի, ուզում էի ապացուցել, որ հնարավոր է երկակի կյանք վարել` լինել մարդ, որը ապրում է հասարակության համար, եւ մարդ, որը ապրում է իր համար: Սակայն դա գործնականում իրականացնել հնարավոր չէ:
-Աշխատանք, որ կատարել եք եթերից դուրս:
-Քանի որ մասնագիտությամբ արվեստաբան եմ, պատմություն եմ դասավանդել դպրոցում, մասնակցություն եմ ունեցել կրթական ծրագրերի: Իսկ, առհասարակ, ինձ համար կարեւորը աշխատանք ունենալն է. դա մեծ պատիվ եւ շնորհ է մարդու համար:
-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:
-Ոչինչ: Թեեւ խոստովանեմ, որ մանկուց թուլություն ունեի կապույտ աչքերի նկատմամբ, եւ ինձնից 30 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցեմ, որ գեղեցիկ է այն, ինչ շնորհել է բնությունը: Հիմա ինձ զվարճացնում է այն հանգամանքը, որ որդիս «տառապում է» նույն այդ թուլությամբ:
-Մարդկանց խայթոցների դեմ Ձեր դեղամիջոցը:
-Ինքս զգացմունքային մարդ եմ եւ չեմ կարող ձեւացնել, թե դրանք ինձ վրա չեն ազդում: Բայց նման պահերին իմ մեջ արթնանում է քրիստոնյան, եւ ես սպասում եմ, որ ժամանակը ամեն բան գցի տեղը:
-Մարդկային որակ, որը Ձեզ հունից հանում է:
-Սեփական կարծիքից վախեցող տեսակը: Երբ մարդը մոլորության մեջ է, դա ոչինչ, բայց երբ նա իր իսկ եզրահանգումներից խուսափում է, դա անընդունելի է: Միեւնույն ժամանակ, ինձ հունից հանում է այն տեսակը, որը հարյուր տոկոսով վստահ է, թե ինքը ճիշտ է:
-Ձեր քայլերը, երբ հայտնվել եք մի երեկույթում, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում:
-Մի անկյունում հանգիստ նստում եմ, վայելում եմ երաժշտություն եւ աշխատում եմ ուշադրություն չգրավել:
-Կանացի թերություն, որը կարելի է նաեւ առավելություն համարել:
-Պարզամտությունը, ոչ խորամանկ լինելը:
-Երբեք չեք հրաժարվի…
-Մի բաժակ ջրից:
-Հատկություն, որ տղամարդիկ միշտ նկատում են Ձեր մեջ:
-Կանացիությունը:
-Ամուսնուն Ձեր կողքին պահելու գաղտնիքը:
-Նրան ազատ, բաց թողնելը: Առհասարակ, կյանքում ցանկացած բան, ինչից կառչում ես, վաղ թե ուշ ձեռքիցդ փախչում է:
-Ձեր ականջին հասած բամբասանք, որի վրա մինչեւ հիմա ծիծաղում եք:
-Այն, որ ժամանակին բոլորին թվում էր, թե ես Ժակի (հաղորդավոր Հակոբ Պապիկյան) կինն եմ, մինչեւ հիմա էլ խոսում են այն մասին, թե, այնուամենայնիվ, գուցե իմ ու Ժակի միջեւ ինչ-որ բան կա:
-Դժվարություն, որը կոփեց:
-Իմ կյանքը երբեք հարթ չի անցել: Ամենաթարմ ու ծանր դժվարությունը կապված էր ամուսնուս առողջական խնդիրների հետ: Նրա հետ դժվարին ճանապարհ անցա, որը համարում եմ հաղթահարված:
-Լուսինե՛, եւ վերջին հարցը` փող թե՞ փառք:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. սեր:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
Օգոստոսի ընթացքում Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես-վաճառք-նվիրաբերություն Արցախին: Panorama.am-ին միության նախագահ Կարեն Աղամյանն ասել է, որ ներկայացվելու են ինչպես միության պահոցներում գտնվող աշխատանքներ, այնպես էլ միության անդամների նոր աշխատանքներ: Յուրաքանչյուրը կարող է նվիրել մեկական աշխատանք: Հիշեցնենք, որ ստեղծագործական միությունն ապրիլյան պատերազմից հետո արդեն մեկ անգամ նման նախաձեռնությամբ հանդես եկել է. 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք հանվել էր վաճառքի: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր էին առաջարկում, որպեսզի դրանք հնարավորինս շատ վաճառվեն: Գնվել էր 9 կտավ, ամբողջ հասույթը կազմել էր 4 միլիոն դրամ, որը փոխանցվել էր Արցախի օգնության հաշվին:

 

 

ՋԵՅ ԼՈՅԻ ՆՈՐ ՏԱՂԱՆԴԸ
Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը իր համար նոր, պարտավորեցնող աշխատանք է գտել: Նա պատրաստվում է ներկայացնել կոշիկի հեղինակային հավաքածու` Giuseppe Zanotti-ի համար (Լոպեսը նշել է, որ սիրում է այս ապրանքանիշի նմուշները եւ տարբեր առիթներով կրել է դրանք): Giuseppe Zanotti-ի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ Ջեյ Լոյի հավաքածուն բաղկացած կլինի երկու տասնյակ մոդելներից, իսկ դրանց գինը կտատանվի 795-1995 դոլարի սահմաններում։ Մանրածախ վաճառքում նմուշները կհայտնվեն 2017-ի հունվարից Bergdorf Goodman, Saks Fifth Avenue, Neiman Marcus, Nordstrom եւ Giuseppe Zanotti խանութներում։

 

 

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻՆ ՌԻՀԱՆԱՆ Է
Ըստ վերջին հաշվարկների՝ Ռիհանան Youtube-ի ամենահայտնի երգչուհին է: Նրա բոլոր վիդեոները միասին վերցրած Youtube-ում հավաքել են 1,736 միլիարդ դիտում։ Նշենք, որ նախորդ տարի այս առումով հաջողությունը ժպտում էր երգչուհի Թեյլոր Սվիֆթին: Եվ չնայած Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի հետ ունեցած նրա կոնֆլիկտներին, Սվիֆթին, փաստորեն, այս տարի չի հաջողվել յութուբյան հանրության ուշադրությունը բեւեւեռել իր վրա, եւ նա դիրքերը զիջել է Ռիհանային: Նշենք, որ նախկինում «Youtube-ի ամենահայտնի երգչուհի» տիտղոսին արժանացել էր նաեւ երգչուհի Քեթի Փերին։




Լրահոս