Հայաստանում չկա մարդ, ով տխրած չլինի այս դեպքերից հետո. Կարինե Աճեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից իշխանություններին հանձնվելու որոշման, երկրում դժգոհությունների շարունակվող ալիքի եւ իշխանության անելիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

-Տիկի՛ն Աճեմյան, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման` զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու որոշումից հետո դժգոհության ալիքը չի դադարում, ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի՝ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են փողոց դուրս գալ: Ձեր կարծիքով՝ այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել:

-«Սասնա ծռեր» խումբը ձերբակալվեց, եւ իրենց համակիրներն են այսօր շարունակում միտինգները: Ժողովրդի դժգոհությունների հետ կապված իրականում մենք ինքներս էլ գիտենք, որ կա դժգոհող մասսա, կա սոցիալական խնդիր, գիտենք, որ կա տնտեսության մեջ բավականին մեծ պրոբլեմ: Այս խնդիրները լուծելու համար նաեւ հարկավոր է ուժերի մեծ լարում, ինքս մեծ հույս ունեմ, որ դրան կնպաստեն սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ համակարգային այն մեծ փոփոխությունները, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց, եւ այլեւս այս համակարգով պետք է առաջ գնանք, ապրենք, գործենք: Ինքս մեծ հույս ունեմ, որ այս համակարգը անպայման արդյունքներ կտա, այսինքն՝ մենք կունենանք այնպիսի համակարգ, որով կկարողանանք կառավարել երկիրը: Ինչ վերաբերում է այսօրվա միտինգներին, ես ինքս մտածում եմ, որ դա ամեն դեպքում ժողովրդի խոսքն է, նույնիսկ ամենափոքր ժողովրդական հատվածի խոսքը պետք է լսելի լինի: Ես գիտեմ, որ իշխանություններն ականջալուր են, եւ բոլոր սոցիալական հարցերը, որոնք առաջ են քաշվում, դրանք լուծման, այսինքն՝ շատ ավելի համակարգված աշխատանքի տեղ ունեն: Այս պահին ինքներդ էլ գիտեք՝ մենք բոլորս այնպիսի շոկ ապրեցինք, եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, ով տխրած չլինի այս դեպքերից հետո, որովհետեւ սա մեզ համար իրականում շատ մեծ փորձություն էր, որը մենք անցանք, եւ ինքս համարում եմ, որ մենք եւ քաղաքական, հասարակական դաշտի գործիչները, քաղաքացիական հասարակությունը, իրավապահ մարմինները, բոլորս պետք է հետեւություններ անենք, եւ այդ հետեւությունները շատ լուրջ եւ արմատական պետք է լինեն:

-Հուլիսի 17-ից Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքերը վայր դնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին: Արդյո՞ք այժմ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին:

-Գիտեք, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել. դա նախագահի որոշումն է: Բայց կարծում եմ, որ ժիրայր Սէֆիլյանը, ով, փաստորեն, շատ մարդկանց ուղղորդեց մի ուղղությամբ, որը անհասկանալի էր, թե ուր է տանում, երեւի թե իր ասելիքն ասել է, նախագահն իր ելույթներում դրան անդրադարձել է:

-Տիկին Աճեմյան, Ձեր հիշատակած ելույթում Սերժ Սագսյանը խոսեց նաեւ ազգային համաձայնության իշխանության մասին: «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո»,- ասաց նա: Սա ի՞նչ է նշանակում:

-Եթե Դուք հետեւել եք հանրապետության նախագահի՝ այս տարիների ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականությանը եւ հատկապես որոշումներին, կտեսնենք որ դրանք իրականացվել են կոնսենսուսի արդյունքում, այսինքն՝ միշտ լսելով ընդդիմադիր ուժերին, հաշվի առնելով նրանց կարծիքը: Իսկ դա անպայման արվում է քաղաքական հարթակի մակարդակով, իսկ ամենաառաջին եւ ինստիտուցիոնալ քաղաքական հարթակը Ազգային ժողովն է:

Երեւի թե Հայաստանի Հանրապետության այլ նախագահ այդքան չի լսել բոլոր ընդդիմադիր ուժերի կարծիքները, չի քննարկել բոլոր այն վիճահարույց հարցերը, որոնք մեր երկրի առջեւ ծառացած են, այսինքն՝ այս առումով, կարծում եմ, որ սա շարունակությունն է այն քաղաքականության, որը որդեգրել է Սերժ Սարգսյանը: Եւ ոչ թե ուժի ձեւով, ճնշմամբ պետք է արվի, այլ հակառակը՝ ընդամենը բարի կամքի դրսեւորման, այսինքն՝ բոլոր ուժերի հետ համագործակցելու, լսելու եւ ամենաճիշտ որոշումները կայացնելու: Կարծում եմ՝ այս համատեքստից պետք է դիտել ելույթի այդ հատվածը, որը վերաբերում է նաեւ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանը:

 

Արփինե Թովմասյան




Լրահոս