ՀՀ մի շարք մարզերում աշնանը կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքում եւս, ինչպես մի շարք այլ մարզերում, ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու:
Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 2-ին, եւ արդեն թեկնածուների մասով որոշ հստակություն կա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սիսիանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածություն է առաջադրելու գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որը 2008 թվականից առ այսօր Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն էր: Սակայն երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, Աղասի Հակոբջանյանը եւս դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդից: Հիմա նա հանդես է գալիս որպես անկուսակցական:
Աղասի Հակոբջանյանը շուրջ 6 տարի Սիսիանի քաղաքապետ աշխատելու ընթացքում անմասն չի մնացել աղմկալի պատմություններից: Դեռեւս 2014 թվականին նա հայտնվեց մեղադրյալի աթոռին այն բանի համար, որ պատշաճ չէր կատարել իր ծառայողական պարտականությունները եւ համայնքին գույքային վնաս էր հասցրել: Սակայն Սյունիքի մարզի առաջին ատյանի «ամենաանկախ» դատարանը կարճեց այս գործը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը փորձեց գործող քաղաքապետից հետաքրքրվել, թե ինչ երաշխիքով է ցանկանում կրկին դառնալ քաղաքապետ` հաշվի առնելով իր անվան հետ կապված աղմկալի չարաշահումների գործը:
-Պարո՛ն Հակոբջանյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, 6 տարի նույն պաշտոնին եք, չեք հոգնե՞լ:
-Ի՞նչ եք առաջարկում, չառաջադրվե՞մ:
-Դուք եք որոշողը:
-Առաջադրվելու եմ:
-Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ պարզեցինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն էիք, հիմա ո՞ր կուսակցությանն եք միացել՝ «Համախմբո՞ւմ», «Վերածնո՞ւնդ», թե՞ ՀՀԿ:
-Անկուսակցական եմ, այդպես էլ առաջադրվելու եմ:
-Տեղյա՞կ եք` Ձեր մրցակիցներն ովքե՞ր են:
-Չեմ կարող ասել, թե ովքեր են:
-Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ունի նաեւ իր թեկնածուն, որը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանն է:
-Չեմ կարծում, ես Ձեզնից եմ նոր լսում:
-Բոլորին հայտնի է Ձեր անվան հետ կապված աղմկալի քրեական գործի պատմությունը, մտավախություն չունե՞ք, որ այն կազդի Ձեր քվեների վրա:
-Այդ գործը շինծու գործը էր, որը հանցակազմի բացակայությամբ կարճվեց, պատվիրված բան էր իմ անձի նկատմամբ:
-Եթե Սյունիքի մարզպետը այլ մարդու է սատարելու, եւ, ըստ էության, Դուք չունեք նրա համաձայնությունը, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Ինչ համաձայնություն, մարզպետը գիտի, որ պիտի դնեմ: Ես այս տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատել եմ եւ կարծում եմ, որ մեծամասնությունը քվեների իմը կլինի:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար կան եւս երկու ազդեցիկ թեկնածուներ: Նրանցից մեկը Սամվել Թանգյանն է, որը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետն է: Եւս մեկ թեկնածուի մասին խոսակցություններ կան, որը Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին է` Արթուր Սարգսյանը, որը Սյունիքի տարածաշրջանի պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության բաժնի պետն է:
Արթուր Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո, առաջադրվելու եմ, հայրիկի նախկին քաղաքապետ լինելը կապ չունի, պարզապես ես ներկա պահին պետական աշխատող եմ, ուստի այս պահին այսքանից ավել այլ բան հայտնելու իրավասություն չունեմ»:
Ինչ է սպասվում Կապանում
Կապանի քաղաքապետի ընտրություններում կրկին առաջադրվելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Թեեւ նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեռ ժամանակ կա որոշում կայացնելու: «Փոքր համայնք է, միշտ փորձել ենք հնարավորինս նախընտրական ընդվզումները, խմորումները հասցնել նվազագույնի, որովհետեւ չի կարող լինել ընտրություն համայնքում, որտեղ ընդվզումներ, զարգացումներ, որոշակի չափով խռովություններ եւ այլ նման երեւույթներ լինեն: Այնպես որ, դեռ ժամանակ կա մինչեւ առաջադրումը, կանդրադառնանք թեմային»,- հայտնեց պարոն Հայրապետյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կապան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս մասնակցելու է: Նրանց թեկնածուն կլինի Կապանի ԲՀԿ տարածքային կառույցի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: Պարզվում է՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» կուսակցությունը Կապանում քաղաքապետի միանգամից երկու թեկնածուներ ունի: Մեկը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանն է, մյուսը` Կապանի նախկին դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը: Վերջինս 2012թ. դեկտեմբերին կայացված դատարանի վճռով երկու տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվել էր՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Մեղրի եւ Գորիս քաղաքներում անորոշություն է
Նկատենք, որ չնայած Սիսիան եւ Կապան քաղաքում քաղաքապետի ընտրություններին թեկնածուների մասով արդեն որոշակի տեղաշարժ կա, սակայն Գորիս եւ Մեղրի քաղաքում պատկերն անորոշ է: Բանն այն է, որ համայնքների խոշորացման հետեւանքով Գորիս եւ Մեղրի քաղաքներին են միացել մի շարք փոքր համայնքներ եւ քաղաքապետի ընտրության հարցով այստեղ լուրջ խմորումներն անխուսափելի են լինելու: Թերեւս դա է պատճառը, որ այստեղ ո՛չ իշխող ՀՀԿ-ն, ո՛չ էլ մյուս կուսակցությունները թեկնածուների հարցով հստակ որոշումներ չունեն:
Քնար Մանուկյան