Նախախորհրդարանը` Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական և իրավաչափ ձգտումը: Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսևորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ ճիչը ոչ միայն չմնաց առանց արձագանքի, այլև արագացնում է փոփոխությունների գործընթացը և հստակեցնում դրանց հասնելու ռազմավարական ու մարտավարական մոտեցումները: Պետական կառավարման ապազգային համակարգը` ի դեմս նրա կորիզը կազմող քրեաօլիգարխիկ վարչակազմի, գիտակցում է իր կործանման վերահաս վտանգը: Վարչախումբը փորձում է ամեն գնով, այդ թվում` նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի սցենարով ընդվզումներն ուղղորդելու, գործակալների, անգամ` ոստիկանության ծպտյալ ծառայողների, ձեռքով բախումներ հրահրելու, հանցագործություններ կատարելու, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներին ազատությունից զրկելու և ժողովրդին ահաբեկելու միջոցով չեզոքացնել իր համար խիստ անցանկալի այս հեռանկարը: Այդ նպատակին հասնելու համար վարչախումբն արտաքին ճակատում ընտրել է պետության ինքնիշխանության մնացորդները օտարին հանձնելու, իսկ ներքին ճակատում` օտարի աջակցությամբ ժողովրդին իսպառ կեղեքելու և նրա դիմադրողունակությունը զրոյացնելու ճանապարհները: 
Այս համատեքստում բնականոն կերպով տեղի են ունենում երկու հակադիր գործընթացներ. ժողովրդի առողջ ուժերի ակտիվացում ու համախմբում` երկիրը կործանման ուղուց զարգացման ուղու վրա դնելու և վարչախմբի ու նրանից սնվող ուժերի համախմբում` երկրի կառավարման ու թալանի հնարավորությունը պահպանելու համար: Հաշվի առնելով, որ պետական լծակներին տիրապետող հանցավոր վարչախումբը կազմակերպված ուժ է, մեր ժողովուրդը ևս պետք է կազմակերպվի, որպեսզի կարողանա հաղթահարել նրա հավանական դիմադրությունը: Մինչ այդ, Նախախորհրդարանը քրեաօլիգարխիկ վարչախմբին մեկ անգամ ևս հիշեցնում է ժողովրդի արդար դատաստանի անխուսափելիության մասին և պահանջում է անհապաղ ազատ արձակել իր իսկ կազմակերպած սադրանքի պատճառով օրինախախտի կարգավիճակում հայտնված Շանթ Հարությունյանին ու մնացած բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այդ սադրանքը կազմակերպած և իրականացրած պաշտոնատար անձանց: Նախախորհրդարանը կոչ է անում մեր ժողովրդին, առաջին հերթին` նրա ակտիվ մասին, ատելի համակարգից ժամ առաջ ազատվելու զգացական մղումների հետ ներդաշնակ կերպով համադրել գիտակցական ու կազմակերպված պայքարի գործելակերպը և պատրաստ լինել իր կամքը պարտադրելու վարչախմբին: 
Նախախորհրդարան 




Լրահոս