Այս ամառ ավիատոմսերը 50 եվրոյով թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառն արդեն մոտենում է ավարտին, սակայն ՀՀ քաղաքացիների մի մասն այդպես էլ չի հասցրել պլանավորել իր հանգիստը եւ այս պիկի շրջանում փորձում է ձեռք բերել սովորականից թանկ գնով տուրիստական փաթեթներ: Երեւանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշում են, որ սեզոնային գործոնը նկատի առնելով՝ ավիաընկերությունները զգալիորեն թանկացրել են տոմսերը, ինչն էլ գումարվելով արդեն իսկ թանկացած տուրիստական փաթեթներին՝ բավականին մեծ բեռ է դառնում հայաստանցի զբոսաշրջիկի համար: Արդյունքում նրանց զգալի մասն այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարիներին, գերադասում է արտերկիր մեկնել ոչ թե «Զվարթնոցից», այլ Թբիլիսիի օդանավակայանից, քանի որ Վրաստանում ավիատոմսերը զգալիորեն ավելի էժան են, քան Հայաստանում:

«Գլոբուս տուրս» տուրիստական ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը այս տարի նախընտրում է իր ամառային հանգիստը անցկացնել Հունաստանում եւ Իսպանիայում, մասնավորապես Բարսելոնայում: «Հիմնականում չարթերային չվերթներ են: Եւ սեզոնի հետ կապված ավիատոմսերի թանկացումը բնական է: Բացի այս՝ դեպի Հունաստան կամ եվրոպական երկրներ ուղիղ չվերթները չարթերային են, եւ, հետեւաբար, դրանց գները որոշում են հենց չարթեր իրականացնող ընկերությունները»,- ներկայացրեց «Գլոբուս տուրս»-ի աշխատակիցը՝ այսպես հիմնավորելով ավիատոմսերի գների թանկացումները:

Նա մեզ հետ զրույցում նկատեց նաեւ, որ այս օրերին քիչ չեն այն քաղաքացիները, որոնք գերադասում են Վրաստանով մեկնել հանգստի՝ իրենց նախընտրած երկիրը, քանի որ այդպես ավելի մատչելի է, քան Երեւանով: Միաժամանակ «Գլոբուս տուրս» ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Վրաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավիատոմսերի սակագների որոշակի թանկացում է նկատվել: Սակայն միեւնույն է՝ մարդկանց չի կանգնեցնում նույնիսկ այն միտքը, որ պետք է մի քանի ժամ տաքսիով կամ միկրոավտոբուսով հասնեն Թբիլիսի եւ հայ-վրացական սահմանում մաքսային վերահսկողություն անցնեն:

«Ավիատոմսերի գների հետ կապված սխալ կլինի ինչ-որ դիտարկում անել, քանի որ այն յուրաքանչյուր տարի սեզոնի հետ կապված թանկանում է: Օրինակ՝ դեպի Բարսելոնա մեկնելու համար մարդիկ նախընտրում են օգտվել Վրաստանից, քանի որ այդպես ավելի մատչելի է, քան Երեւանից: Չնայած որ վերջին օրերին Վրաստանում ավիատոմսերի թանկացման հետ կապված արդեն համարյա նույն արժեքն է լինում, ինչքան որ Երեւանից, որովհետեւ տվյալ քաղաքացին Վրաստանից Բարսելոնա մեկնելու համար նախ պետք է Հայաստանից հասնի Վրաստան: Իսկ դա նույնպես ծախսերի հետ է կապված»,- ներկայացրեց տուրիստական ընկերության աշխատակիցը:

Իսկ, ահա, «Ջոյ տուր» տուրիստական գործակալության աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս տարվա ամռան ամիսներին ավիատոմսերի գները տարբեր են եղել: Նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին նաեւ, որ չարթերային ընկերությունները դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները առաջարկել են սկսած 500 եվրոյից: «Եւ հետեւաբար, սեզոնի հետ կապված այս ընկերություններում նկատվել են ավիատոմսերի գների թանկացումներ: Օրինակ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի ավիատոմսերի գները 50 եվրոյով թանկացել են»,- նշեց «Ջոյ տուրս»-ի աշխատակիցը:

Ի դեպ, list.am էլեկտրոնային կայքէջում նույնպես կան ավիատոմսերի վաճառքին վերաբերող հայտարարություններ: Այդ հայտարարությունների փնտրտուքի ժամանակ «Ժողովուրդ»-ը մի «գայթակղիչ» առաջարկի հանդիպեց, որտեղ նշված էր, որ դեպի Բեռլին ավիատոմսը առաջարկվում է 90 եվրո, Միլան՝ 70 եվրո, Սալոնիկ՝ 45 եվրո, Սոֆիա՝ 60 եվրո, Վարշավա՝ 100 եվրո, Լառնակա՝ 55 եվրո: Սակայն երբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց տվյալ հայտարարության հեղինակի հետ, պարզվեց, որ այդ գների ավիատոմսերով հնարավոր է ճամփորդել միան Քութայիսի օդանավակայանից: Իսկ դեպի Քութայիս քաղաքացին պետք է իր սեփական միջոցներով հասնի. «Ես միայն ազատ տոմսի տերն եմ»,- փոխանցեցին մեզ: Ի դեպ, այս հայտարարության հեղինակի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ դեպի Բեռլին 70 եվրոյով ավիատոմս հնարավոր է ձեռք բերել միայն սեպտեմբերի 20-ից հետո:

«Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանի խոսքով՝ ամառային արձակուրդների հետ կապված էժան կարգի ավիատոմսերը վաղուց վաճառվել են եւ հիմա վաճառվում են հիմնականում թանկ կարգի ավիատոմսերը, ինչը սեզոնային գործոնով պայմանավորված՝ սովորական միտում է:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս