Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երեւան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Մասնավորապես, առգրավվել եւ փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ եւ այլն:
Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական եւ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները»: