Երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Ազգային ժողովում անդրադառնալով նոյեմբերի 2-ի համատարած հոսանքազրկմանը, հայտարարել է. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել»: Հիշեցնենք, որ այդ աննախադեպ մասշտաբի հոսանքազրկման արդյունքում ավելի քան երեք ժամ էլեկտրաէներգիա չուներ երկրի ավելի քան 75 տոկոսը, այդ թվում եւ` ռազմավարական նշանակության օբյեկտները` սկսած զորամասերից, ավարտած հատուկ նշանակության այլ կառույցներով: Եվ սա, ըստ էներգետիկայի նախարարի, արտառոց երեւույթ չէ: Թեեւ, գուցե եւ Արմեն Մովսիսյանի գնահատականն այնքան էլ անհեթեթ չէ: Ի վերջո, երեւի թե իրոք չի կարելի արտառոց համարել համատարած հոսանքազրկումը մի երկրում, որն ունի այնպիսի Ազգային անվտանգության խորհուրդ, ինչպիսին մերն է` իր քարտուղարով հանդերձ: Եվ եթե այդ մարմնի գործելաոճն ու դրա ղեկավարի պահվածքը մեր հասարակությունն արտառոց չի համարում, ապա ինչ մի մեծ բան է պատահել, եթե սրտի հետ խնդիր ունեցող որեւէ քաղաքացի մի քանի ժամ շարունակ «լռվել»-մնացել է վերելակում, կամ, ասենք, հիվանդանոցի վիրահատարանում որեւէ մեկի որովայնը մնացել է բացված վիճակում: Եվ առհասարակ` բավականին արտառոց կլիներ, եթե այս իրավիճակում հայտարարությամբ հանդես գար երկրի ազգային անվտանգության հարցերով զբաղվող կառույցի` ԱԱԽ քարտուղարը. ի վերջո, վոլեյբոլի ֆեդերացիայի ճակատագիրը հո չէ՞ր թողնելու բախտի քմահաճույքին, էլ չասած` որ չի բացառվում` իր սեփական կոնյակի գործարանը նույնպես տուժած լինի այս հոսանքազրկումից: Այնպես որ, բնականաբար, Արթուր Բաղդասարյանը շատ ավելի կարեւոր խնդիրներով էր զբաղված (ի դեպ, բավականին արտառոց երեւույթ է, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս ԱԱԽ նիստ չի հրավիրել` վոլեյբոլի ֆեդերացիայի հարցով): Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ համոզվեցին, որ իրենց անվտանգությունը որեւէ կերպ երաշխավորված չէ այս երկրում: Ցավոք սրտի, ոչ միայն մեր, այլեւ մեզ օրումեջ պատերազմով սպառնացող Ադրբեջանի համար ավելորդ անգամ տեսանելի դարձավ, թե որքան խոցելի է մեր երկրի անվտանգությունը: Փաստորեն, ատոմակայանի աշխատանքների պլանային դադարի արդյունքում մեր ողջ էներգետիկ համակարգը, սեպտեմբերի 22-ից սկսած, «կախված է» Իրանից, որն էլ ցանկացած պահի պարզապես կարող է «ռուբիլնիկը անջատել», ինչը եւ` առայժմ ոչ միտումնավոր, տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին: Ահա սա է Սերժ Սարգսյանի կառուցած «ապահով Հայաստանը», որի անապահովությունը օր օրի առավել ցցուն է դառնում: Հիմա արդեն` ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ անվտանգության տեսանկյունից` բառիս բուն իմաստով:
ԱՆԱՐՏԱՌՈՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ