ՀԱՐՍԻ ՀԱՇՎԻՆ ՓԵՍԱՅԻՆ ԵՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսին, երբ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագինը բարձրացնելու նպատակով, կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հանգստացնել ժողովրդին` խոստանալով մասնակիորեն թեթեւացնել նրանց խնդիրը:
«Իմ նամակում, որը ես հղել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Եվ ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»,-կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարել էր Տ. Սարգսյանը: Ու չնայած վարչապետի խոստումից անցել է արդեն 6 ամիս, սակայն գազի սակագնի սուբսիդավորման հարցը, ըստ էության, դեռեւս կախված է օդում. պարզ չէ` ինչ տեսքով է լինելու սուբսիդիան եւ, ընդհանրապես, լինելու է, թե ոչ:
Երեկ՝ ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, պարզ դարձավ, որ գազի սակագնի տարբերությունը սուբսիդավորելու համար ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար նախատեսված չէ: Այսինքն` պարզ է, որ սուբսիդիան չի լինի ՀՀ բյուջեի հաշվին: «Նախ` ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, հետո համապատասխան փաստաթղթի ստեղծման հարցում խնդիր եկավ իրավական ձեւակերպումների մասով: Հետո, երբ փաստաթուղթը ստեղծվեց եւ պետք է ստորագրվեր, առաջ եկավ ՄՄ-ին միանալու խնդիրը, եւ հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո: Վերջին համաձայնություններ են ընթանում այս պահին, եւ իմ կարծիքով՝ շուտով կստորագրենք` մինչեւ Նոր տարի: Սա այն է, ինչ վստահեցնում են մեր գործընկերները»,-երեկ՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Մանուկյանը նաեւ հարցրեց, թե արդյոք կողմերը սպասում են պայմանագիրը ստորագրել վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, երբ ՌԴ-ն տեսնի, թե ՀՀ-ն իրեն ինչպես կպահի եվրոպացիների մոտ: Ա. Մովսիսյանը շտապեց «հարցը կտուրը գցել»` ասելով, թե իրենք հարցն այդ կտրվածքով չեն դիտում. «Ռուսական կողմը հետ չի կանգնի պայմանավորվածությունից: Ուղղակի մի օր էս կողմ, մի օր էն կողմ…»: «Այսինքն` արձանագրե՞նք, որ Դուք վստահ եք, որ գազի գինը սուբսիդավորվելու է ռուսական կողմից»,-ճշտեց Ա. Մանուկյանը: «Այո՛»,-միանշանակ վստահեցրեց Մովսիսյանը:
ՀՀ էներգետիկայի նախարարի երեկվա պարզաբանումները, սակայն, նոր հարցեր են ծնում. բանն այն է, որ հուլիսի 1-ից ՀՀ բնակիչներս 1 խմ գազի դիմաց նախկին 132-ի փոխարեն վճարում ենք 156 դրամ, այնինչ գազի սակագինը բարձրացել է ավելի շատ` 1 խմ-ն 220 դրամ: Բայց հիմա ավելի էժան ենք վճարում այն պատճառով, որ Հայաստանն իր սահմանին գազը գնում է 1000 խմ-ն 270 դոլարով, բայց վճարում է 189 դոլար, իսկ մնացած գումարը մնում է պարտք պետության վրա: Ու հիմա անհասկանալի է, թե ով եւ ինչպես է վճարում ու վճարելու այդ պարտքը: Դատելով իշխանությունների հայտարարություններից՝ այդ պարտքը, որ կազմում է գազի սակագնի 30 տոկոսը, ՀՀ իշխանությունները սպասում են ստանալ ՌԴ-ից որպես սուբսիդիա: Բայց երեկ ՀՀ էներգետիկայի նախարարի հետ հարցուպատասխանից պարզ չդարձավ` ինչ տեսքով է լինելու սուբսիդավորումը` ՌԴ կառավարությունն այդ գումարը տալու է ՀՀ-ին վարկի, թե դրամաշնորհի տեսքով, թե Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտարարությունների ստորագրումից հետո դա դիտվելու է մաքսատուրք, եւ միասնական տնտեսական գոտում գտնվող երկրի նկատմամբ այդ հարկատեսակը չեն կիրառելու: Պարզ չէր նաեւ, թե ընդհանրապես որքան կտեւի ՌԴ-ի կողմից այդ սուբսիդավորումը` մեկ տարի, թե, օրինակ, մեկ ամիս: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ էներգետիկայի նախարարությունից, սակայն մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը մեջբերեց Մովսիսյանի խոսքերը, որ վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո «ավելի ուշ կտեղեկացնեն», եւ ասաց, որ գազի սակագնի սուբսիդավորման վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը պարզ կլինի միայն այդ ժամանակ: Մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից. նրանց համար երեկ ոչ աշխատանքային օր էր: Անպատասխան մնաց նաեւ ՌԴ կառավարության մամուլի ծառայություն «Ժողովուրդ»-ի ուղարկած հարցը:
Հ.Գ. Եվս մեկ կարեւոր հանգամանք. վարչապետը ՀՀ կառավարության նիստում նաեւ շեշտել էր՝ օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին, «որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»: Ասել է թե՝ կառավարությունը խոստացել էր անապահով ընտանիքներին առանձնակի մոտեցում ցուցաբերել: Այսօր, սակայն, իշխանությունները չեն հիշում վարչապետի այս խոստման մասին. համենայնդեպս, շուտով ձմեռ է, բայց որեւէ խոսք չկա օժանդակության մասին: Փոխարենը, հիշեցնենք, կառավարության առաջարկով ԱԺ իշխող մեծամասնությունը վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս