ԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԻՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են. շուկայական հարաբերություններից վեճը տեղափոխվել է ընտանիք: Ակտիվիստներից շատերի ծնողներն արդեն երկու օր է՝ գնում են Մաշտոցի պուրակ՝ իրենց որդիներին «սխալ ճանապարհից» ու «զոմբիանալու» հեռանկարից փրկելու համար:
Մինչ Մաշտոցի պուրակին անդրադառնալը հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 7-ին թանկացավ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը: Հոկտեմբերի 29-ին փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է: Հոկտեմբերի 24-ին կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, որով նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները, փոխարենը քննարկվում է պատգամավորների եւ պաշտոնյաների աշխատավարձերը շեշտակի բարձրացնելու հարցը: Սակայն Հայաստանի ընդդիմադիր հատվածը, քաղաքացիական ակտիվիստները որեւէ քայլ չձեռնարկեցին, չըմբոստացան: Եվ այն հետեւողականությունը, որը ցուցաբերվում է Փակ շուկայի դեպքում, առնվազն տարօրինակ է:
Իհարկե, մենք ամենեւին էլ շահագրգռված չենք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին, դասել սրբերի շարքը: Նա շատ ոլորտների մենաշնորհ ունի եւ խեղդում է իրենից փոքրերին, ինչի մասին մշտապես հրապարակում ենք: Սակայն ակնհայտ է, որ այսօր Փակ շուկայի դեմ ոչ թե պայքար է գնում արժեքների կամ քաղաքացիների շահերի պաշտպանության համար, այլ կոնկրետ անձի: Ու քանի որ խնդիրը տեղափոխվել է անձնական հարթություն, դրա համար էլ պարզապես զզվելի իրադարձություններ են լինում Մաշտոցի պուրակում:
Նոյեմբերի 3-ին Մաշտոցի պուրակում ակտիվիստներից Արմենի եղբայրը ապտակել էր նրան` համոզելով դադարեցնել գրանտային պայքարը եւ վերադառնալ տուն, սակայն Արմենը չէր համաձայնել: Երեկ էլ օլիգարխի դեմ պայքարող ակտիվիստներ Արմենի ու Լեւոնի հարազատներն էին եկել պուրակ եւ իրենց երեխաների խելքն ուտելու, «զոմբիացնելու» մեջ էին մեղադրում քաղաքացիական ակտիվիստ Կարո Եղնուկյանին, «Նախախորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանին:
Արմենի հայրը պահանջում էր իր որդուն. «Ո՞ւր է, տուն չի եկել, էս ի՞նչ եք արել իմ տղուն, ոչ մեկիս չի ճանաչում, չի լսում»: Արմենն իր հորը համոզում էր, որ իր պայքարն արդար է, սակայն հայրը հայտարարում էր, թե քաղաքացիական ակտիվիստները գրանտակերներ են ու երիտասարդներին օգտագործում են: Իրավիճակն այնքան լարվեց, որ բանը հասավ բռունցքներին, սակայն ոստիկանները կանխեցին հնարավոր տհաճ զարգացումները: Ակտիվիստներից Լեւոնի հարազատներն էլ նրանից պահանջում էին տուն վերադառնալ, քանի որ նրա մայրը կաթված է ստացել, շտապօգնություն են կանչել, սակայն Լեւոնը չլսեց եւ ակտիվիստների հետ մասնակցեց երթին:
Այս ամենն ազդանշան է, որ միմյանց դեմ «մենամարտող» կողմերից մեկն ասի «STOP», այլապես հետեւանքները կարող են անդառնալի լինել: Եթե վեճը մտել է քաղաքացու տուն՝ հոր եւ որդու միջեւ, սա արդեն, ինչպես ասում են, ՎԵՐՋՆ Է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս