ՆՈՒՌՆ ՈՒՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել, որոնք ցուցադրվում են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր. այն  հրապարակում տեղադրվել էր 1940թ. նոյեմբերի 24-ին, իսկ 1991թ. արձանը, ապա` 1996թ. դրա պատվանդանն ապամոնտաժվել էին:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը նաեւ վստահեցրել էր, որ մրցույթի հայտարարումը ամենեւին էլ չի նշանակում որեւէ կառույցի իրականացում: Մրցույթը նախ եւ առաջ նպատակ ունի մասնագիտական եւ հանրային քննարկումների արդյունքում ձեւավորել հրապարակի հետագա զարգացման տեսլականը:
Մրցույթի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ոսկերիչ-դիզայներ, նկարիչ-քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) հետ: Վերջինս մասնավորապես ասաց. «Երեւանի քաղաքապետարանն արդեն 6-7 տարի է, ինչ նման մրցույթ է հայտարարում, եւ ինձ թվում է՝ դեռ կհայտարարի, որովհետեւ դեռ լավագույն, ամենաընդունելի կամ ամենահետաքրքիր տարբերակը չի գտնվել»։ Դիտարկմանը, թե այս մրցույթն առանձնապես աչքի ընկավ բացասական արձագանքներով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն տարի էլ այս մրցույթը լայնածավալ, շատ մեծ մասնակցությամբ է անցնում։ Գուցե այս տարի մի քիչ ավելի շատ արձագանք է եղել, բայց չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված։ Համենայնդեպս, Հանրապետության հրապարակը շատ պատասխանատու տեղ է, պատասխանատու աշխատանք է, եւ պետք է նման տիպի մրցույթներ անցնեն, որպեսզի գտնվի ամենալավ տարբերակը»: Իսկ  ինքը` Նուռը, կոնկրետ ի՞նչ կառաջարկի կառուցել եւ տեղադրել Լենինի հուշարձանի տեղում: «Ես ունեմ իմ նախագծային առաջարկը, որի մասին առայժմ չէի ցանկանա բարձրաձայնել, եւ որը երեւի եկող տարի կներկայացնեմ մրցույթին»,-պատասխանեց Նուռը։ Հիշեցմանը, թե քաղաքապետարանը ցանկանում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել, ինչի դեպքում կարող են վնասվել 17-18-րդ դարերի հուշարձանները, Նուռը նշեց, թե դրանք առայժմ ընդամենը խոսակցություններ են, եւ ինքը չի կարծում, որ լուրջ հիմքեր ունեն։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս