ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԵՏՐՈ ՀԱՐՍԱՆԻՔ
Հոկտեմբերի 3-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցում տեղի է ունեցել «Վիտամին» ակումբի դերասան Վաչե Թովմասյանի եւ լրագրող Գայանե Մանուկյանի պսակադրությունը: Նրանք ծանոթացել են Միացյալ Նահանգներում` Չիկագոյում: Հարսանեկան արարողությունը եղել է ռետրո ոճում: Սակայն պահպանել են նաեւ հայկական ավանդույթները. Վաչեն սիրելիի տուն է գնացել զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Զույգի կնքահայրը Վաչեի մտերիմ ընկերներից է, իսկ խաչեղբայրը` նրա հարազատ եղբայրը: Հարսանյաց հանդեսին հրավիրված են եղել ինչպես «Վիտամին» ակումբի տղաները, այնպես էլ երգիչներ ու դերասաններ, որոնց մեծ մասը եւս հագնված է եղել ռետրո ոճով:

ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ֆոտոմոդել եւ դերասանուհի Պամելա Անդերսոնը մասնակցել է Նյու Յորքի մարաթոնին Հաիթիի բնակիչների օգնության համար գումար հավաքելու նպատակով: 46-ամյա դերասանուհին վազքի ժամանակ հավաքել է 75.864 դոլար: Նրա խոսքով` բոլոր միջոցներն ուղղվելու են դերասան Շոն Փենի հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հաիթիի բնակիչներին: Մարաթոնում վազելիս Անդերսոնը կրել է սեւ մարզական տաբատ ու մարզաշապիկ: Նշենք, որ Նյու Յորքի մարաթոնն անցկացվում է 1970-ից եւ համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը:

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Հարավկորեական Girls’ Generation երգչախումբն իր I Got A Boy («Ես ընկեր ունեմ») երգով արժանացել է YouTube մրցանակաբաշխության «Տարվա տեսահոլովակ» տիտղոսին: «Տարվա երգիչ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Eminem-ը: DeStorm խումբը հաղթել է «Նորարարական տեսահոլովակ» անվանակարգում իր See Me Standing երգի համար նկարահանված հոլովակով: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներ` Ռիհաննան, Լեդի Գագան, Eminem-ը, այնպես էլ սկսնակ աստղեր, որոնցից է երգչուհի Լինդսի Սթիրլինգը: Այս տարի YouTube մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: Գլխավոր մրցանակների հավակնորդներն ընտրվել են վերջին 12 ամսվա ընթացքում կուտակված վարկանիշի համաձայն: Այսինքն` համացանցի օգտատերերն իրենց դիտումների միջոցով որոշել են, թե ովքեր կմասնակցեն մրցույթին ու կհաղթեն:




Լրահոս