ՀԱՐՑ. Եթե ամուսիններից մեկն այլ երկրի քաղաքացի է, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրանց երկուսի քաղաքացիության հարցը: Եվ խնդրում եմ ասել, թե ինչպես է որոշվում երեխայի քաղաքացիությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրացու հետ մեխանիկորեն չի հանգեցնում ամուսիններից որեւէ մեկի քաղաքացիության փոփոխման, ինչպես նաեւ ամուսիններից մեկի քաղաքացիություն փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: Սակայն նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիության փոփոխման համար:
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Վերջինի բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
• նա ծնվել է ՀՀ-ում,
• ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ,
• ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ օրենքն ընտրության հնարավորություն է տալիս` երեխայի ծնվելու դեպքում ծնողներն իրենք ընտրեն իրենց զավակի քաղաքացիությունը: Բայց ցավալի է, որ վերջին շրջանում նկատվում են դեպքեր, երբ ծնողներն առաջին իսկ հնարավորության դեպքում ընտրում են այլ երկրի քաղաքացիություն, քանի որ, որպես կանոն, ոչ հայկական քաղաքացիությունը համարվում է առավել շահավետ: