Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  հայ գրող, դրամատուրգ, Հայաստանի ժողովրդական գրող (1930), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շիրվանզադեի մահվան օրն է:

Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանուշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ. Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։




Լրահոս