«ՄԵԾ» ՏՈՒԳԱՆՔ
Երթուղայինում ծխող վարորդի հետ կապված համացանցում տարածված տեսանյութի հետքերով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երեւանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ն ենթարկվել է «սարսափելի մեծ» տուգանքի` 5000 ՀՀ դրամի չափով: Իսկ իրեն լկտի պահող վարորդը` Գարիկ Գեւորգի Մուրադյանը, տնօրինության կողմից ստացել է գրավոր խիստ նկատողություն: Հուսանք՝ սա խրատ կլինի շոգեքարշի նման ծխող եւ իրենց անվայել պահող երթուղայինների վարորդների համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈ՞ՒՄ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ, անդրադառնալով 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանը, ասել է. «Ռուսաստանի հետ մենք անվտանգության հարցով համապատասխան կարեւոր պայմանավորվածություններ եւ փաստաթղթեր ունենք, որի շրջանակում գործում է ռուսական կողմը»: Ռուզինսկին, հիշեցնենք, ասել էր, թե Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կներգրավվի զինված հակամարտության մեջ: Ի դեպ, այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին Բաքվում ասել էր, թե բացառում է նման թյուրիմացության հնարավորությունը, եւ խոստացել պարզել այդ հարցը:
ՀԵՌԱՑԵԼ ԷԻՆ
Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՝ Ազատության հրապարակում նոյեմբերի 4-ի երեկոյան նստացույց սկսած ազատամարտիկները պատրաստակամություն են հայտնել պայքարել մինչեւ վերջ: «Ազատամարտիկը վարձկան չէ, որ 20 տարի առաջ պայքարել է, այսօրվա դրությամբ փոխհատուցում է պահանջում: Մեր պահանջն այն է, որ ազատամարտիկը կարգավիճակ ստանա, քանի որ մենք դեռ պատերազմի մեջ ենք, դեռ կռիվը չի ավարտվել»,-NEWS.am-ին ասել է ազատամարտիկ Կոլյա Խեչոյանը` շեշտելով, որ Վ. Ավետիսյանին կեղծ մեղադրանք են առաջադրել: Նշենք, որ երեկ Շանթ Հարությունյանի գլխավորած խմբի եւ ոստիկանների բախման պահին նստացույց անող ազատամարտիկներն Ազատության հրապարակում չէին:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
«Հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը»,-անդրադառնալով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի ընթացքում տեղի ունեցած երեկվա բախումներին` Tert.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԾՆՎԵԼ
Ադրբեջանական Yeni Musavat ընդդիմադիր թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայրը ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Նա ծնվել է Էջմիածնում, իսկ Հասանովների ընտանիքը երկար տարիներ ապրել է Երեւանում: