ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ»-ը դեռ երեկվա համարում գրել էր, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին վերանշանակել նույն պաշտոնում: Նրա համար բավական մարդիկ են միջնորդել, որպեսզի Սերժ Սարգսյանը մոռանա ամռանն ասած իր խոսքերը, թե Իշխան Զաքարյանը, «տեմպի տակ ընկած», հայտարարություններ է անում՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից:
Երեկ լրացավ ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետը: ԱԺ առաջիկա նստաշրջանին կառաջադրվի նրա թեկնածությունը, եւ պատգամավորները պետք է փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեն Զաքարյանի թեկնածությունն այդ պաշտոնում:  

ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Գրեթե ամեն օր «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ եւ դժգոհում «Երեւան ջուր» ընկերության վերջին շրջանի աշխատելաոճից: Նրանց խոսքով՝ արդեն մոտ երկու ամիս է, ինչ Երեւանի տարբեր թաղամասերում գրեթե ամեն օր ջուրը կտրվում է: Քաղաքացիներից մեկը՝ 47-ամյա Վարդուհի Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Առավոտյան արթնանում ենք ու տեսնում, որ անջատած է, ջուր չունենք: Չեմ հասկանում՝ ամեն օր վթա՞ր է լինում»: Խնդրի առնչությամբ դիմեցինք «Երեւան ջուր» ՓԲԸ, որտեղից գրավոր պատասխանեցին. «Աշխատանքներն ինքնանպատակ չեն, եւ որքան Էլ այսօր անհանգստություն են պատճառում սպառողներին, միեւնույն է, ակնհայտ է, որ ի վերջո նպատակ ունեն բարելավել այն նույն սպառողների վաղվա ջրամատակարարումը: Դատելով 1-85 հեռախոսային կենտրոնում գրանցվող տվյալներից՝ կարելի է ասել, որ սպառողների իրազեկման մակարդակը տարեցտարի բարձրանում է, բողոքները ջրամատակարարումից նվազում են, համենայնդեպս խոսքն այլեւս ոչ թե օրը մի քանի ժամ ջրով ապահովելու մասին է, այլ մշտական՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ, ինչը վկայում է ոչ թե ընկերության անբավարար աշխատանքի մասին, այլ կյանքի որակով պայմանավորված սպառողների պահանջների բարձրացման»: Մինչդեռ նկատենք, որ քաղաքացիներն այնքան են հիասթափված «Երեւան ջուր» ընկերության աշխատաոճից, որ խնդրի առկայության դեպքում չեն ահազանգում թեժ գիծ, այլ դիմում են լրատվամիջոցներին:

ԱՌԱՅԺՄ ՎԿԱ Է
Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննություններից ոչ մեկի պատասխանը դեռ չի եկել: NEWS.am-ի  հաղորդմամբ` վթարի մասնակից անձինք, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը, հարցաքննվել են: Դերասանն առայժմ վկայի կարգավիճակում է, փորձաքննության եզրակացությունից հետո կորոշվի՝ նրա կարգավիճակը կփոխվի, թե ոչ:




Լրահոս