ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞
Հայաստանի հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, hնարավոր է, ձմռանը պայմանագիր ստորագրի Ալմաթիի «Կայրաթ»-ի հետ: Այդ ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, որը գլխավորում էր Սլովակիայի հավաքականը, ցանկանում է 25-ամյա ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում: Վ. Վայսը նման կարծիք է հայտնել հայ ֆուտբոլիստի մասին. «Տեսնենք՝ «Կայրաթ»-ը կգտնի՞ տրանսֆերի համար անհրաժեշտ գումար։ Ղազարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում, նրան վաղուց եմ ճանաչում։ Նա շատ գոլեր է խփում հավաքականի կազմում։ Գեւորգը եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ է»։ Իհարկե, լավ է, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են, սակայն Գեւորգն իրոք կարող է իրեն լավագույն կողմերով դրսեւորել նաեւ եվրոպական որեւէ ակումբում, եւ լավ կլինի, որ նա, ղազախական մի ակումբից մեկ այլ ակումբ տեղափոխվելու փոխարեն, տեղափոխվի եվրոպական ակումբ։ Ի դեպ, Վ. Վայսը հիշել է նաեւ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի` Հայաստանի թիմի հետ խաղերը՝ մասնավորապես նշելով, որ հայերը «սպանել» են իրեն (Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել Սլովակիայի նկատմամբ՝ 3։1 եւ 4։0 հաշիվներով)։

ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013թ. արգելված խթանիչներ օգտագործած ծանրորդների ցանկը: Շուրջ 40 որակազրկված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը: Հայ մարզիկներից 5-ը որակազրկվել են մինչեւ 2015թ. փետրվարը, իսկ Նաիրա Հարությունյանը՝ ցմահ: Որակազրկված հայ ծանրորդներն են՝ Եվրոպայի 2013թ. առաջնությունում 4-րդ տեղ զբաղեցրած, աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Դավիթ Գասպարյանը, Աշոտ Բեգազյանը, Մարգարիտա Ղազարյանը, Նաիրա Հարությունյանը։ Որակազրկված ծանրորդների քանակով Հայաստանը զիջում է միայն Ղազախստանին: 2012թ. Հայաստանը ներկայացնող 5 մարզիկ էր հայտնվել որակազրկվածների ցանկում, իսկ 2011-ին՝ 2: Սա խոսում է հայկական ծանրամարտի, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Երեկ՝ ուշ երեկոյան, կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումները A-D խմբերում։ Ներկայացնում ենք դրանց արդյունքները. «Ռեալ Սոսյեդադ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0, «Շախտյոր»-«Բայեր»՝ 0:0, «Յուվենթուս»-«Ռեալ»՝ 2:2, «Կոպենհագեն»-«Գալաթասարայ»՝ 1:0, ՊՍԺ-«Անդերլեխտ»՝ 1:1, «Օլիմպիակոս»-«Բենֆիկա»՝ 1:0, «Մանչեսթեր Սիթի»-ԲԿՄԱ՝ 5:2, «Վիկտորիա»-«Բավարիա»՝ 0:1։
Իսկ այսօր կկայանան E-H խմբերի հետեւյալ հանդիպումները. «Բազել»-«Ստյաուա», «Չելսի»-«Շալկե-04», «Բորուսիա»-«Արսենալ», «Նապոլի»-«Մարսել», «Զենիթ»-«Պորտու», «Ատլետիկո»-«Աուստրիա», «Այաքս»-«Սելթիկ», «Բարսելոնա»-«Միլան»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս