
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ են անցկացնվել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մենք տեղեկացված ենք ներկայիս իրավիճակի մասին: Իրանը հավատում է, որ տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարևան, մշտապես ջանքեր է գործադրել այդ խնդրի լուծման համար: Այդ կապակցությամբ մենք կանենք հնարավոր ամեն ինչ»,-ասել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի խնդրի լուծման կարևորությունը, որը մեծ խնդիր է ինչպես Կենտրոնական Ասիայում, Արևելքում, այնպես էլ Կովկասում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալիևն ու Ռոհանին մի շարք փաստաթղթեր են ստորագրել:
Հիշեցնենք, որ այսօր կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: