ՀԱՐՑ. Համապատասխան քննությունը հանձնելուց հետո վարորդական վկայական եմ ստացել: Ցավոք, վերջերս կորցրել եմ այն: Հիմա ես նորի՞ց պետք է քննություն հանձնեմ ու վկայական ստանամ, թե՞ առանց քննության կտան նորը:
Աննա Ղազարյան, 35 տարեկան, մշակութաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի երրորդ կետում ասվում է. «Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, մեկ տարվա ընթացքում երկու անգամ քննություն հանձնելը սխալ կլիներ: Եթե քաղաքացին մեքենա վարելու կարողություն ունի, ուրեմն մեկ տարվա ընթացքում այդ ունակությունը հազիվ թե կորցրած լինի: Ավելին, Աննա Ղազարյանը վկայականը ստանալիս սկսնակ վարորդ է եղել, եւ հարկ է նկատել, որ մեկ տարվա փորձը նրա հմտությունն ավելացրել է: