ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԿԱԴՐԸ
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ զինդատախազ եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին: Վերջինիս ավելի շատ ճանաչում են որպես Արտակ Հարությունյան: Նա համակարգում աշխատել է դեռեւս այն տարիներից, երբ ՀՀ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր, ավելին, համարվում է Ջհանգիրյանի կադրերից: Ի դեպ, Հարությունյանը եղել է նաեւ հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում, որը ղեկավարում էր Գ. Ջհանգիրյանը:

ՈՒՂՂՈՐԴԵ՞Լ Է
Նոյեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը որոշել է կրթության հարցերով իրեն խորհրդական նշանակել Մաթեւոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ս. Սարգսյանը դա արել է հասարակական հիմունքներով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Ս. Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Իսկ թե որքանով կապ ունի այդ հանդիպումը այս նշանակման հետ, դժվար է միանշանակ ասել:

ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ԿՀԻՇԵՆ
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չնայած այն բանին, որ ինքն առողջական խնդիրներ ունի, այնուամենայնիվ, այսօր անպայման կմասնակցի հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 96-րդ տարեդարձին. «Ժամը 12-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվելու են մեր ակտիվիստները, ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ, այնուհետեւ Շահումյանին են այցելելու: Հետո Էջմիածնում շրջանային կոմիտեն եւ ակտիվիստները կայցելեն Լենինի, Շահումյանի եւ Նիկոյանի արձաններին ու ծաղիկներ կդնեն: Այսինքն՝ հանրապետության այն վայրերում, որտեղ կան հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն արտահայտող հուշարձաններ, բոլոր տեղերում ծաղիկներ կդրվեն»:

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներից, որոնք տեղեկացրին, որ գյուղի փոստը գրեթե ամեն օր փակված է: Բանն այն է, որ մոտ քսան օր առաջ ազատվել է փոստի աշխատակիցը, եւ գյուղացիների խոսքով՝ նրանք նոյեմբերի թոշակն արդեն երեք օր է, չեն կարողանում ստանալ: Ահազանգը հաստատեց նաեւ Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը. «Հիմա բնականոն աշխատանքը խաթարվել է գյուղում: Եկել են ու ինձ են անհանգստացնում: Ես էլ զանգում եմ ընկերություն, ասում են, թե ցերեկը՝ ժամը 4-ից հետո, կգան, կբաժանեն»: Սակայն «Հայփոստ»-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Լուկաշինի փոստը նոր աշխատակից ունի, որն ամեն ինչ անում է, որպեսզի թոշակները ժամանակին բաժանվեն մարդկանց: Ավելի ուշ տեղեկացանք, որ նույն համայնքի փոստի նախկին աշխատակիցը բարեկամական կապեր ունի համայնքապետի հետ, ինչի համար էլ գյուղապետը շահագրգռված է, որ նա հետ վերադառնա:




Լրահոս