ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐՏՆԵՐԸ ՏԵՂՆ ԸՆԿԱՎ
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը երեկ հայտնել է, որ առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, գալու է Հայաստան. «Չգիտեմ: Ես տեղյակ չեմ: Գիտեմ, որ գալու է, բայց թե ինչ այլ հարցեր են լինելու, ես տեղյակ չեմ»:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումից տուժած 8 ոստիկաններից 4-ը դեռ հիվանդանոցում են:  Մասնավորապես «Մալաթիա» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում են գտնվում 2 ոստիկան, որոնցից մեկն այնտեղ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:  Ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ է ստացել ճակատային հատվածում: 2 ոստիկան էլ գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մեկը` գանգուղեղային վնասվածքով, մյուսը` ծակած: Իսկ գանգուղեղային վնասվածքի  ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Ալբերտ Վանիկյանը բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել:  

ՓԱՍՏԱԲԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, NEWS.am-ին հայտնել է, որ Շ. Հարությունյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից. «Երեկվա կատարվածը ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Սա քաղաքական գործ է, ոչ թե քրեական։ Նա խուլիգանություն չի արել, որ փաստաբանի ծառայությունից օգտվի»: Իսկ Շանթի որդին` 14-ամյա Շահեն Հարությունյանը, հայտարարել է, թե Մաշտոցի պողոտայից բերման ենթարկելիս ոստիկաններն իրեն մեքենայի մեջ ծեծել են:  

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Մաշտոցի պողոտայի դեպքի առթիվ երեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են: Նրանք են` Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: Նրանք հավանաբար երկար կմնան կալանավորված, քանի որ առաջադրված մեղադրանքի հոդվածները դա են պահանջում: Եվս 18 հոգի ներգրավվել է որպես վկա:

ԱԶԱՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Միխայիլ Բաղդասարովն աշխատանքից ազատել է Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին: Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ է նա ազատվել աշխատանքից, Մարտիրոսյանը Yerkir.am-ին պատասխանել է. «Դուք դա Բաղդասարովի՛ց հարցրեք, հիմա մարդը ինքն է իրավասու` ազատի ինձ կամ պահի»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը  նոյեմբերի 2-ին գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում. տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի պաշտոնանկության պատճառը հենց դա է եղել: Ինքը` նախկին տնօրենը, սակայն, հերքել է դա` նշելով, թե այդ ընթացքում բացակայել է ՀՀ-ից:   

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է, որ հանդիպել է նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ. «…Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի՝ մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել: Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը… Որպես ԱԺ պատգամավոր՝ պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»:




Լրահոս