Վաղը կկայանա Սարգսյան-Պուտին հանդիպումը, որը բավականին սուր քննադատաությունների առիթ է տվել. շատերը պնդում են, որ այս հանդիպման նպատակը Հայաստանին ճնշելն ու ի վնաս Ղարաբաղի տարածքային ամբողջականության ընդունված որոշումն առաջ տանելն է: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
-Պարո´ն Շիրինյան, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ վաղվա հանդիպումից. որքանո՞վ եք իրատեսական համարում, որ կլինեն ճնշումներ:
-Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, անշուշտ, կուզենան ինչ-որ բան փոխել Հայաստանի հաշվին, փոխզիջումների գնալ, բայց ակնհայտ է մի բան, որ Հայաստանի հանդեպ ենթադրվող ճնշումը կբերի նրան, որ Ռուսաստանը կկորցնի մեր ժողովրդի համակրանքն ու հավատը: Առանց այդ էլ մեր սերունդը բավականին հեռացել է Ռուսաստանից, և Հայաստանն ամբողջովին կորցնելը, կարելի է ասել, կործանարար կլինի նրանց համար:
-Վերջին իրադարձություններից հետո հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը գնա տարածքներ հանձնելու քայլին:
-Հայաստանի նախագահը հուլիսի 17-ի զինված ապստամբությունից հետո ստացել է մի այնպիսի ազդակ, որը թվում է, թե նրան պիտի թուլացներ, բայց հակառակը` ուժեղացնում է: Նա ունի մի հաղթաթուղթ՝ ապստամբական ժողովուրդ, որը հողի զիջման պայման երբեք չի ընդունի:
Եթե նախագահը այս փաստը հաշվի առնի, ճիշտ հետևություններ անի կատարվածից կարող է կարծրացնել իր դիրքորոշումը և նույնիսկ եթե չկարծրացնի, ապա վերջին դեպքերը՝ ապրիլյան պատերազմ, հուլիսի զինված ապստամբություն, Ժիրինովսկու հայտարարությունը, որը Ռուսաստանի քաղաքական շոշափուկների մտեքերի տարածումն էր հայերի նկատմամբ ունեցած տրամադրվածության մասով այս գումարը համագումարային վերցնելով` կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն այնքան էլ կոշտ դիրքորոշում չի կայացնի Հայաստանը վերջնական չկորցնելու համար:
-Իսկ եթե այնուամենայնիվ ճնշումները մեծ լինե՞ն…
-Իսկ եթե ճնշում էլ գործադրվի, ապա մենք նախագահ ունենք նրա համար, որ դիմադրի այդ ճնշմանն ու իր երկրի օգտին որոշումներ կայացնի:
Լիլիթ Շաբոյան