Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ընդունել է բանաձև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների ընթացքում:

Համաձայն բանաձևի` խորհրդաժողովին բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով ներկայացվել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես, մշակել Սփյուռքի ուսուցիչների հավաստագրման, մանկավարժական գործունեության մշտադիտարկման, ատեստավորման մեխանիզմներ, շարունակել Սփյուռքի մանկավարժների ամենամյա վերապատրաստումը Հայաստանում և համայնքներում (ինչպես առկա, այնպես էլ հեռավար)` արդիականացնելով դասընթացների ծրագրերը, բովանդակությունն ու կազմակերպման ձևերը:

Առաջարկություն է հնչել հետամուտ լինել Հայաստանի կողմից տրվող կրթական փաստաթղթերի, կոչումների և վկայականների միջազգային ճանաչմանը, ինչպես նաև տեղական մակարդակով ուսուցիչների վերապատրաստման, որակավորման բարելավման կամ լրացուցիչ մասնագիտացման նպատակով օգտագործել տվյալ երկրի բարձրագույն կրթական հաստատությունների հնարավորությունները:

Բացի այդ, համաձայն բանաձևի` առաջարկվել է Սփյուռքի մեկօրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար մշակել հայագիտական առարկաների քննությունների կազմակերպման եղանակներ, ուսումնասիրություններ իրականացնել Սփյուռքի սովորողների և ուսուցիչների շրջանում և դրանց արդյունքների հիման վրա մշակել հոգեբանական աջակցության և վերականգնողական աշխատանքների ծրագիր:

Ըստ մեկ այլ առաջարկի` նախատեսվում է մեկօրյա դպրոցներում աշակերտների ուսւմնական պարապմունքներին զուգահեռ դասընթացներ կազմակերպել ծնողների համար՝ հաշվի առնելով նրանց ճանաչողական, կրթական և այլ պահանջմունքները, ինչպես նաև վերաիմաստավորել մեկօրյա դպրոցների դերը՝ որպես խնդիր դիտելով ոչ միայն սովորողներին գրաճանաչ դարձնելը, այլև անձի բազմակողմանի զարգացումը: Համաձայն բանաձևի հաջորդ կետի` առաջարկ է հնչել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսուցիչների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել համապատասխան որակավորմամբ մագիստրոսական կրթություն ստանալու համար:

ՀՀ կառավարության կողմից մշակութային մասնագիտություններով անվճար ուսուցման տեղեր տրամադրել սփյուռքահայերին, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կից ստեղծել Սփյուռքի դպրոցների կրթական խնդիրներով զբաղվող գիտամեթոդական հանձնաժողով, որը կիրականացնի դասագրքերի, ուսումնական և մեթոդական այլ նյութերի փորձաքննություն, գործածության երաշխավորում:

Բացի այդ, առաջարկվել է նպաստել ուսումնական նյութերի էլեկտրոնային պաշարների միասնական շտեմարանի հարստացմանը, ապահովել Հայաստանում հրատարակվող գրականության մասին տեղեկատվության տարածումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում նկարչության ուսուցիչ չունեցող դպրոցների սաների համար իրականացնել առցանց դասեր:

Բանաձևի եզրափակիչ մասում առաջարկ է հնչել արտասահմանյան բուհերում հայոց լեզու ուսումնասիրող ուսանողների համար ստեղծել Հայաստանում մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ինչպես նաև ընդհանուր ճանաչողական ծրագրեր, քայլեր ձեռնարկել տարիքային խմբերի աշակերտների համար առցանց տարաբնույթ մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, և վերջապես, նպաստել Հայաստանի հայագետների աշխատանքների օտար լեզուներով հրատարակմանը՝ արտասահմանյան երկրների և Հայաստանի հայագետների համագործակցությունն ամրապնդելու նպատակով:




Լրահոս