Նախօրեին Բաքվում կայացած Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին հանդիպումից երկու օր անց՝ այսօր Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից ակնկալիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Ալիեւ-Պուտին հանդիպումը, դատելով հրապարակումներից, բավականին ջերմ մթնոլորտում է անցել, մեզ համար ի՞նչ անակնկալ պայմանավորվածութուններ կարող էին ձեռք բերվել այդ հանդիպման ընթացքում:
-Հայաստանի համար Ադրբեջանի հետ կապված յուրաքանչյուր վտանգ էքզիստենցիալ է՝ գոյութենական: Սեղանին է Կազանից ավելի վատթար փաստաթուղթ: Ռուս-ադրբեջանական որեւէ մերձեցում այս համատեքստում վտանգ է հենց Հայաստանի գոյությանը: Մնացած վտանգներն ածանցյալ են:
-Նշվեց, որ խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկու երկրներին գտնել կարգավորման անհրաժեշտ եզրերը: Նկատի առնելով մի կողմից Իրան Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձեւավորումը, մյուս կողմից ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացումը՝ ի՞նչ կարող ենք ակնկալել այսօր կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից, արդյո՞ք ՀՀ վրա ճնշումները կմեծանան:
-Հայաստանն այնպես է իրեն պահում, որ ճնշման մասին արդեն անիմաստ է խոսելը: Ճնշում են գործադրում ընդդիմացողմերի վրա: Որտե՞ղ եք ընդդիմություն տեսել Հայաստանի վարքագծում:
-Հուլիսի 17-ն ու դրան հաջորդած դեպքերից հետո ինչ պետք է անի իշխանությունը, հնարավոր է, որ խմբավորման անդամների «մեսիջը» տեղ չհասնի, եւ վաղվա հանդիպմամբ վճռվի ԼՂՀ-ի ապագան, ու որոշումը ի վնաս մեզ լինի:
Ի՞նչ մեսիջի տեղ հասնելու մասին է խոսքը: Կարծում եք՝ «Սասնա ծռերի» գործողությունն ինչ-որ բա՞ն է փոխել իշխանության համոզմունքում: Չկա նման բան: Ընդհակառակն՝ ավելացել է իշխանության վճռականությունը՝ առավել չոր արձագանքելու: Ցավոք սրտի՝ ներկա բովանդակությամբ վարվող բանակացություններից Հայաստանը ոչ մի շանս չունի չպարտված դուրս գալու: Երեկվա, այսօրվա եւ վաղվա հանդիպումները միայն արագացնում են այդ պարտությունը: Հայաստանի միակ ելքը առկա բանակցային պրոցեսից դուրս գալն է եւ նոր ձեւաչափի ձեւավորումը:
Պետք է մեկընդմիշտ հրաժարվել այն մտայնությունից, որ Հայաստանը պետք է ինչ-որ տարածք զիջի՝ հանուն որեւէ բանի, թեկուզ՝ խաղաղության երդումների: Պետք է ընդհանրապես դուրս գալ այն մտայնությունից, որ Ադրբեջանի հետ ընդհանրապես համաձայնությունը հնարավոր է: Դա ֆանտաստիկա է, որին միայն Հայաստանում են հավատում: Ադրբեջանում, օրինակ, ընդհանրապես չեն հավատում, որ Հայաստանն ու հայերը գոյության իրավունք ունեն: Այս իրականությունում մեզանում իշխող տարօրինակ եւ ինքնասպանական մտայնությունները զավեշտալի կլինեին, եթե չլինեին այսքան ողբերգական:
Լիլիթ Շաբոյան