ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:
Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է և բավականին բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում:
Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Այս պահին ընթանում են կազմակերպչական վերջին աշխատանքներն առաջնության ընթացքը պատշաճ կազմակերպելու համար: Տեղեկացնենք նաև, որ համագործակցության, տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մրցաշարի կազմկոմիտեի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 098 11 44 32:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն