Արդեն հայտնել ենք, որ այսօր Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, որով կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի: Այս որոշման հետևանքների և հնարավոր պատճառների շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանի հետ:
– Պարո՛ն Եղիազարյան, մոտ երկու տարի ԱԱԽ քարտուղար չունենալուց հետո նման որոշումն ի՞նչ է նշանակում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այժմ նման որոշում կայացվեց:
– Ընդհանրապես, նման պաշտոնը ՀՀ-ի համար հույժ կարևոր պաշտոն է, իհարկե, եթե նրան ձևական բնույթ չեն տալիս: Ինչևիցե, 2 տարվա թափուր աթոռը խոսում է այն մասին, որ այն այնքան էլ կարևոր չէր Հայաստանում, քանզի մեկ հոգի է որոշումներ կայացնողը, և դա Սերժ Սարգսյանն է: Մենք հստակ տեսանք, և դա ապացուցվեց երկու երկարաձիգ տարիների ընթացքում, այն դեպքում, երբ ներքին անվտանգության խորհուրդ կոչվածը չէր գործում մի Հայաստանի պես երկրում, որն ամեն օր սահմանի վրա ուներ լրջագույն խնդիրներ՝ մեր զինվորներն էին զոհվում և ինչպես իմացանք, մենք ունենք 1980 թվականի զենք մինչ օրս:
Իհարկե, այստեղ հարցերը շատ են. դրանցից մեկն այն է, որ ամերիկացիներն ուղիղ ասացին, որ տարեկան մեկ միլիարդ դոլար Հայաստանից դուրս է գալիս անհայտ ուղղությամբ: Եթե Ս. Սարգսյանը զսպեր իր թիմակիցների ախորժակը, մենք այսօր կունենայինք 22-րդ դարի սպառազինություն. սա չի արվել: Իսկ ինչ վերաբերում է այս խորհրդին, ապա ես կարող եմ միայն մեկ հետևություն անել: Աշնանը Ս. Սարգսյանը սպասում է երկրի համար լրջագույն ցնցումների, այդ պատճառով էլ արդեն իսկ ուժեղացնում է անիմաստ մարմինը, որը երկու տարի թափուր աթոռ է ունեցել, որպեսզի պատասխանատվության մեծ մասը գցի նրա վրա:
– Այսինքն, այս կերպ փորձ է արվում լիազորություննե՞ր տալ Արմեն Գևորգյանին, և որոշումների պատասխանատվությունը նրա՞ վրա թողնել:
– Իհա´րկե: Աշնանը Ս. Սարգսյանը սպասում է լրջագույն ցնցումների, և դրանց դիմաց ինքը միայնակ կանգնած չի լինի: Մենք այսօր գիտենք, որ ցանկացած որոշում ինքն է կայացնում:
– Ի՞նչ ցնցումներ նկատի ունեք, և սա դրական որոշում համարո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Դրական կհամարեի, եթե Սերժ Սարգսյանը սկսեր իր շրջապատից: Ցավոք սրտի, նա չի սկսում, հետևաբար անցնում է խորը պաշտպանության: Սա ցնցումներին դիմակայելու համար է արված, և այս անգամ արդեն Արմեն Գևորգյանի դեմքով:
– Կոնկրետ ի՞նչ ցնցումներ նկատի ունեք. նոր «Սասնա ծռե՞ր» կհայտնվեն, թե՞ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում ցնցումներ եք կանխատեսում:
– Նախ, այսպես ապրել չի կարելի: Անիմաստ ընտրությունները, անարդարությունները ստիպեցին, որ «Սասնա ծռեր»-ը զենք վերցնեն: Այսօր մենք արդեն ապրում ենք այլ Հայաստանում: Ես ասել եմ, որ նա մինչև սեպտեմբեր ժամանակ ունի. եթե շատ արագ չմտածի լրջագույն փոփոխությունների մասին, ապա կընկնենք լուրջ ցնցումների մեջ:
Ես նկատի ունեմ երկու հարցն էլ. շատ ծանր բանակցային գործընթաց և ներքին անարդարություն, որը թևածում է Հայաստանում: Դրանք նոր «Սասնա ծռեր» կծնեն, որն արդեն այլ բնույթի կլինի: Եթե նրանք չկարողացան իրենց զենքը բարձրացնել երիտասարդ տղաների վրա, ովքեր շրջապատել էին ՊՊԾ գնդի տարածքը, ապա հաջորդները որ գան, որոնք տեսել են, թե ինչպես են վարվել «Սասնա ծռեր»-ի հետ, շատ ավելի դաժան կվարվեն, և Ս. Սարգսյանն այս ամենը կուլ չի տա:
Ընդհանրապես, «Սասնա ծռեր»-ի արածն արդեն կուլ չի տալու, եթե կորդինալ փոփոխությունների չդիմի: Եթե չհրաժարվի իր բարեկամներից, հարազատներից, թալանչիներից, ապա ուրիշ բան կդառնա:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը