
Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից, և Ռուսաստանը կարող է երաշխավոր լինել: Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրականում, կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իսկապես ցանկանում են գտնել այդ խնդրի լուծումը, որպեսզի ապրեն խաղաղության, համաձայնության մեջ, համագործակցեն և զարգացնեն տնտեսությունները»,-ասել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ հենց այդ արդյունքին պետք է ձգտել՝ գտնելով այնպիսի մոտեցումներ, որոնց դեպքում կողմերից և ոչ մեկ իրեն պարտված չզգա:
«Որպեսզի լինի այնպիսի որոշում, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, որը կընդունվի երկու երկրների հասարակությունների կողմից: Ահա ամենակարևորը: Իսկ Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս երկրները, կարող են երաշխավոր լինել»,-հավելել է Պուտինը: