Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դերասան Վարդան Պետրոսյանը դեռ չի հասցրել որպես վկա ցուցմունք տալ, երբ նախօրեին հայտնի է դարձել, որ նա՝ որպես կասկածյալ, պետք է ձերբակալվի:
Այդ մասին տեղեկացրել է դերասանի պաշտպանությունը ստանձնած Նիկոլայ Բաղդասարյանը: Հավելենք, որ նախօրեին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ, ըստ փաստաբանի, նա գտնվում է «Արմեդ» կենտրոնում, ոստիկանների հսկողությամբ եւ կասկածյալի կարգավիճակում: Պետրոսյանին ձերբակալելու մասին քննչականի որոշումը փաստաբանն անօրինական է համարում, քանի որ այն կազմվել է միակողմանի հարցաքննության հիման վրա, իսկ Վարդան Պետրոսյանը գործով չի հարցաքննվել: Հետեւաբար, դրանից բխող փորձաքննությունը եւս, ըստ նրա, անօրինական է լինելու:
Ի դեպ, սոցիալական ցանցերում արդեն դերասանին պաշտպանող խմբեր են ստեղծվել, ոմանք դատապարտում են դերասանի նկատմամբ նման վերաբերմունքը, ոմանք էլ դատապարտում են դատապարտողներին… Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին մշակութային գործիչներն ու դերասանի ընկերները:
Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի, դրա հետագա զարգացումների հետ կապված՝ բավարար տեղեկություններ չունի, ուստի չի կարող հստակ կարծիք հայտնել:
-Իհարկե, զոհվել են պատանիներ, ինչի կապակցությամբ ցավակցում եմ նրանց հարազատներին… Միայն մի բան կարող եմ ասել, որ այդ ձերբակալություն կոչվածը տեղին չէ։ Ներողություն, չեմ կարծում, որ Վարդանն այն տղան է, որ կարող է, ասենք թե, փախչել։ Եվ նրան հապշտապ կալանավորելու կարիքը բոլորովին չկար։ Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, երբ կարելի էր նման խիստ քայլի գնալ։ Սա քրեական հանցագործի, ռեցիդիվիստի տեսակը չէ։ Իհարկե, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կա մարդ, որը վերին արտի ցորենն է, որի նկատմամբ առանձնակի վերաբերմունք է պետք ցուցաբերել. բոլորը հավասար են օրենքի առաջ։ Բայց տվյալ դեպքում կա մեկ տարբերություն. այնուամենայնիվ, կրկնեմ՝ հանցագործի հետ գործ չունեն։ Ինչ վերաբերում է կայքերին, քննարկումներին, ապա մենք բոլորս լավ գիտենք՝ ով ինչ ձուկ որսում է, այն էլ հանում է վաճառքի։ Այդ ամենը մի քիչ երբեմն շուկայական տպավորություն է թողնում. ով որ ծայրից բռնում, այդ ծայրից էլ քաշում է։ Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ, որ մարդիկ զգույշ լինեն տարբեր տիպի կասկածելի տեղեկատվություն մարսելու հարցում։
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը նույնպես նախ իր ցավակցությունը հայտնեց զոհված պատանիների հարազատներին, ապա հավելեց.
-Երկու պատանիներ չկան, ովքեր ինձ համար, առաջին հերթին, մեր վաղվա զինվորիկներն են, մեր ապագան են, եւ շատ ծանր եմ տանում նրանց կորուստը։ Բայց նաեւ հասկանում եմ, թե ինչ ծանր ողբերգություն է տանում ինքը՝ Վարդանը, որն իր հետ դա կրելու է մինչեւ կյանքի վերջին օրերը, մինչեւ վերջին վայրկյաններն այդ մեղքը կրելու է իր վրա։ Բայց, ի վերջո, մարդը դիտմամբ չի արել, գուցե անհետեւողականությունից է եղել այդ ամեն ինչը։ Սակայն չէ՞ որ ինքը արտիստ է, մարդ, որը շատ երջանիկ, զվարճալի, ինչպես նաեւ լրջորեն խորհելու պահեր է պարգեւել իր ստեղծագործական ամբողջ կյանքում։ Ինչպե՞ս կարելի է այսքան դաժան լինել, ես այդ դաժանությունն իմ մաշկի վրա զգում եմ եւ գիտեմ, թե դա ինչ է։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում, բայց նաեւ զարմանում եմ, թե ինչու են նման շուտափույթ որոշումներ կայացնում։ Չէ՞ որ Վարդանը ծանր վիրահատություն, ծանր ապրումներ է տարել, շարունակում է տանել եւ ոչ մի տեղ չի պատրաստվում փախչել։ Եվ, առհասարակ, ինքը հանցագործ չէ, ինքը բոլորի աչքի առաջ ստեղծագործող արվեստագետ է, ի՞նչ կարիք կար այդքան շտապել, արագացնել այդ ամբողջ իրադարձությունները։ Դա ե՛ւ զոհվածների ընտանիքների, ե՛ւ Վարդանի՝ իմ ընկերոջ ողբերգությունն է, որովհետեւ ես գոնե լավ գիտեմ, թե ինչպիսի նուրբ հոգի ունի արտիստը։ Սա այն դեպքն է, երբ (անշուշտ, Աստված կարոտ պահի) բոլորիս հետ կարող էր պատահել։ Եվ քարկոծել, անվերջ հրահրել, որ այդ թեման շոշափվի… Պարզապես բառեր չեմ գտնում։ Առանց այդ էլ լավ հասկանում եմ, թե Վարդանն ինչ ողբերգություն է ապրում, եւ ինչպե՞ս կարելի է այդպես ցավին ցավ ավելացնել, ցավը ցավեցնել։
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՑԱՎԻՆ ՑԱՎ ԱՎԵԼԱՑՆԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ