ՊԲ-ն բացի պաշտպանությունից կիրականացնի նաև այլ մարտական գործողություններ. ՊԲ հրամանատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով: «Արցախպրեսս»-ի փոխանցմամբ` այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ մանրամասնելով, որ այս ընթացքում առաջնագծում հետևողականորեն և շարունակական կերպով ավելացվում է ինժեներական կառույցների խտությունը, բարձրացվում՝ անձնակազմի անվտանգության և մարտական ապահովման մակարդակը, իսկ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում կատարելագործվում է զորքերի մարտավարական պատրաստականությունն, ըստ որի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՊԲ-ն բացի պաշտպանությունից կիրականացնի նաև այլ մարտական գործողություններ:

«Տեխնիկական միջոցներով համալրման շնորհիվ ներկայումս կարողանում ենք գիշերային պայմաններում հետախուզություն իրականացնել անհրաժեշտ խորության վրա: Ձեռնարկվող քայլերին զուգընթաց շարունակվում են բանակաշինության կատարելագործման աշխատանքները: Շուտով կմեկնարկի բանակային նոր ուսումնական տարին, որի ընթացքում ՊԲ անձնակազմը բացի պաշտպանությունից կնախապատրաստվի այլ մարտական գործողություններ վարելուն: Այդ բոլորի հիմքում լինելու է անձնակազմի անվտանգության ապահովումը»,- ընդգծել է պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը և հավելել, որ այդ առումով բանակում արդեն ստեղծվել են անվտանգության խորհուրդներ՝ հրամանատարի տեղակալների ընդգրկմամբ:

Հրամանատարի փոխանցմամբ` այսօրվա դրությամբ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները նվազել են 2-3 անգամ:

Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ առաջնագծում հանգիստ իրավիճակը չի նշանակում, որ հայկական կողմի հետախուզությունը և հեթապահ ստորաբաժանումները թուլացրել են զգոնությունը, քանի որ հակառակորդը շարունակում է ինժեներական և օդային ու ցամաքային ակտիվ գործողություններ վարել:

ՊԲ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և վստահորեն շարունակում իրականացնել մարտական հերթապահություն: Լևոն Մնացականյանի խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունները տևական լարվածության արդյունքն էր, որի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները, և չնայած դիրքերի կորուստներ են եղել, սակայն այդ հանգամանքը չի ազդել ՊԲ մարտունակության, պաշտպանունակության ու ծառայության կրման պայմանների վրա:




Լրահոս