ՀԱՐՑ. Ծնողներս վաղուց ամուսնալուծվել են, հայրս ճշտապահորեն մուծել է ապրուստադրամը: Երբ ես բյուջետային հիմունքներով ընդունվեցի համալսարանի առկա բաժին, հայրս շարունակում էր վճարել: Չափահասությունից հետո վճարեց եւս մեկուկես տարի, սակայն վերջերս հաշվապահությունում հայտնեցին, որ ես այլեւս չեմ ստանում ապրուստադրամ: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք հայրս իրավունք ունի հրաժարվել ապրուստադրամը վճարելուց:
Սիլվա Իսոյան (24 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ ԸՕ 68 հոդվածը պարտավորում է ծնողներին պահել իրենց երեխաներին: Երեխա են համարվում 18 տարին չբոլորած անձինք (ՀՀ ԸՕ 41 հոդվածի կետ 1): Ծնողները կարող են պահել իրենց երեխաներին ինքնակամ, այդ թվում նաեւ վճարել ապրուստադրամ նրանց պահման համար անգամ երեխաների չափահաս դառնալուց հետո: Դա նրանց իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը:
Ծնողները պարտավոր են պահել իրենց չափահաս երեխաներին, եթե նրանք անաշխատունակ են եւ օգնության կարիք ունեն (ՀՀ ԸՕ 73 հոդված): Անաշխատունակությունը, որպես օրենք, մարդու առողջության լուրջ խաթարումն է օրգանիզմի գործունեության լուրջ խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում:
Հետեւաբար, ծնողները կարող են հարկադրվել պահել իրենց չափահաս երեխաներին, եթե երեխաներն ունեն առողջության լուրջ խաթարում օրգանիզմի գործունեության խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում:
Ծնողները կարող են նաեւ պարտադրվել պահել երեխաներին չափահասությունից հետո, եթե ապրուստադրամը վճարում են ՀՀ ԸՕ 15-րդ գլխին համապատասխան ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա:
Ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրով հաստատված ապրուստադրամային պարտականությունները, ի տարբերություն ընդհանուր կանոնի, ավարտվում են ոչ թե երեխայի չափահասությունից, այլ այդ համաձայնագրով հաստատված ժամկետի ավարտից հետո:
Այսպիսով` Ձեր հայրը կարող է պարտադրվել ապրուստադրամ վճարել Ձեր պահման համար, եթե նա ապրուստադրամ է վճարում` համաձայն ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրի, որի ժամկետը դեռեւս չի ավարտվել, կամ էլ եթե Դուք անաշխատունակ եք եւ օգնության կարիք ունեք:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծնողների եւ զավակների միջեւ ալիմենտ վճարելու մասին համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը դատարանը որոշում է կայուն դրամական գումարով, որը ենթակա է վճարման ամեն ամիս` ելնելով կողմերի նյութական եւ ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի այլ շահերից: